«Փորձ է արվում անընդհատ հայերին և Հայաստանը պահել առավելագույն կառավարման տակ». Արթուր Ղազինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Այսօր Երևանում հրավիրվել է «Հայաստան և Ռուսաստան․ իրողություններ, խնդիրներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի մասնակից, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ թեման, իրոք, արդիական է և այդպիսին եղել է նախկինում, սակայն առավել արդիականություն է ձեռք բերում նոր իրավիճակում։

Նա նկատեց, որ վստահությունը ցանկացած հարաբերությունների համար կարևոր է, և եթե այն չկա, ցանկացած գործընկերություն ինչ-որ մի պահի կկանգնի, չի ստացվի։ Այս առումով՝ նա գտնում է՝ վստահության պակաս կա հայ-ռուսական հարաբերություններում՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Ա. Ղազինյանը դա պայմանավորում է ՌԴ-ի՝ նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ վարած արտաքին քաղաքականությամբ։

«Եթե մենք ուշադրություն դարձնենք  պատմությանը, կտեսնենք՝ Ռուսաստանի ամբողջ արևմտյան հատվածում ընթանում են գործընթացներ, որոնք ոչ այնքան բարենպաստ են ՌԴ-ի համար։ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովին, երբ հայտարարվեց, որ Վրաստանը և Ուկրաինան կանդամակցեն ՆԱՏՕ-ին, դրա վառ ապացույցն է, ինչը լրացուցիչ սրացում կհաղորդի ՌԴ-Արևմուտք հարաբերություններին։

ՌԴ-ի հարավկովկասյան քաղաքականությունն ընդհանրապես, և Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը՝ մասնավորապես, զերծ չէ այս հիմնախնդրից։ ՌԴ-ի հանդեպ Հայաստանում իրականացող գործընթացների հանդեպ ստեղծվել է մի այնպիսի անվստահության մթնոլորտ, որտեղ կասկածվում են անընդհատ ինչ-որ դավադրության մեջ։

Կարդացեք նաև

Փորձ է արվում անընդհատ հայերին և Հայաստանը պահել առավելագույն կառավարման տակ, քանի որ Հայաստանի մասնակցությունը որևէ Արևմտյան միջոցառման դիտարկվում է՝ որպես դավաճանություն ռուս փորձագետների կողմից։ Այս առումով ՌԴ-ի կողմից արտաքին քաղաքականության հիմքում դրված գաղափարախոսական հենքը դեռևս չի նպաստում փոխգործակցության իրական հնարավորությունների բացահայտմանը և գործարկմանը»,- նշեց Ա. Ղազինյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ի ընկալումը հետխորհրդային տարածքի վերաբերյալ (ինչի վրա խարսխվում է ՌԴ արտաքին քաղաքականությունը) բնորոշումը տվեց 2011 թվականին այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե՝ «ի՞նչ է Խորհրդային Միությունը, եթե ոչ՝ նույն Ռուսաստանը, որը բոլշևիկները վերանվանեցին Խորհրդային Միություն»։ Ա. Ղազինյանի բնորոշմամբ՝ ՌԴ-ի այս ընկալումը հարևան պետությունների նկատմամբ լուրջ ճգնաժամ է առաջացնում. «Կարծում եմ՝ այս նոր ի հայտ եկող երևույթների ներքո՝ ՌԴ-ում պետք է ձեռնամուխ լինեն նոր քաղաքականության, նոր մոտեցումների մշակման՝ հաշվի առնելով հարևան-բարեկամ պետությունների հետ դեռևս պահպանված բարեկամական հարաբերությունները»։

Խոսելով այն մասին, թե ի՞նչ են սպասում Հայաստանում ՌԴ-ից՝ Ա. Ղազինյանը նշեց, որ վերջին 20-25 տարվա ընթացքում Հայաստանում պետական մակարդակով  ՌԴ-ից հայցել և ստացել են արտաքին լեգիտիմություն.

«Եթե փորձենք դուրս գալ փողոց ու ցանկացած մարդու հարցնել՝ «պե՞տք է արդյոք հայ-ռուսական բարեկամությունը», մեծամասամբ կապատասխանեն, որ՝ «այո», եթե երկրորդ հարցը տանք՝ «ինչո՞ւ», կլսենք՝ «թե չէ գազը կթանկանա, կփակվի, թե չէ մեր ապրանքները ռուսական շուկա հեշտ չեն մտնի, թե չէ այնտեղ ապրող հայերի նկատմամբ  կսկսեն կիրառել ռեպրեսիվ մեխանիզմներ, և մենք կկորցնենք Լեռնային Ղարաբաղը»։ Այսինքն՝ դրական ակնկալիք հայ-ռուսական հարաբերությունների առումով հասարակության մեջ բավականին քիչ է»։

Ա. Ղազինյանը նկատեց, որ Հայաստանում ապրիլ ամսին տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որի ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն.

«Այս առումով բավական հետաքրքիր էր արտաքին գործընկերների արձագանքը։ ՌԴ-ն, ինչպես միշտ, փորձում էր գտնել գործընթացի արտաքին հետքը, գունավորել այն, ու գտնել դրա հակազդման միջոցները և մեխանիզմները։ Սովոր լինելով մշտապես աշխատել իշխանության հետ, մի կողմ թողնելով ժողովրդին, հանրությանը, հ/կ-ներին՝ նրանք զգացին լուրջ սպառնալիք, թե կհաջողվի՞ արդյոք համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ։ Ժողովրդին առաջնորդող քաղաքական գործիչները որևէ բառ չէին արտաբերել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ՝ դա համարելով ոչ օրակարգային։

Մարդիկ փողոց էին դուրս եկել իշխող վարչակազմի դեմ, բայց նրանց մի մասը դուրս էին եկել իրենց համար կարևոր խնդիրերի համար՝ իշխանության փոփոխելիության, մենաշնորհների վերացման, ազատությունների իրացման ու իրենց հնարավորությունների իրագործման նպատակով։ Այսինքն՝ գործընթացը միտված է եղել ազատականացնելու Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգը։ Դա հաջողվեց»։

Բանախոսի խոսքով՝ այս նոր իրողությունների պայմաններում կա հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու, ամրացնելու և ամրապնդելու նոր հնարավորություն, բայց միևնույն  ժամանակ՝ կան նաև լրջագույն ռիսկեր։

«ՌԴ-ի գործոնը տեսնում ենք վերջին երկու-երեք օրվա ընթացքում, Գյումրիում  ռուսական ռազմաբազայի այդ անհարգալից վերաբերմունքը բնակիչների նկատմամբ, զենքի գործածումը խաղաղ բնակչության շրջանում, սրանք որոշակի սիգնալներ են, որ փոխանցվում է ՌԴ-ի կողմից՝ իր վերաբերմունքի մասին Հայաստանի նկատմամբ։ Այս առումով պետք է լրջորեն մտածել և ՌԴ-ին համոզել, որ Հայաստանն այլընտրանք չունի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու, որ ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցությունն օրվա հրամայական է, որովհետև այդ համագործակցությունն է  հանդիսանալու Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիայի հետ հարաբերություններում»

Նա կարծում է՝ մինչ այժմ Հայաստանի և ՌԴ-ի արտաքին քաղաքականությունները մշակվել են պետական քաղաքական գործիչների կողմից, ու փորձագետները չեն մասնակցել այդ քաղաքականությունների մշակմանը.

«Ի տարբերություն փորձագետների՝ քաղաքական գործիչներն ունեն պոպուլիզմի որոշակի էլեմենտներ, ու իրենք ցանկանում են արտաքին քաղաքական որևէ պրոցես կապիտալիզացնել ներքին քաղաքական գործընթացների մեջ։ Այս առումով նրանք կաշկանդված են պրագամատիկ քաղաքականություն մշակելու հարցում»։

Ա. Ղազինյանը գտնում է՝ փորձագետները նույնպես պետք է ներգրավված լինեն այդ հարցում։

Տեսանյութեր

Լրահոս