«Զիդանը դեմ էր Նեյմարի՝«Ռեալ» տեղափոխմանը». SporTV
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չէր համաձայնում, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվեր մադրիդյան ակումբ՝ հավատացնելով, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստն ու Մարսելոն չեն կարողանա միասին խաղալ: Այս մասին հայտարարել է բրազիլացի լրագրող Անդրե Ռեսկեն` հղում տալով Զիդանին մոտ գտնվող աղբյուրին:
«Այսօր ես ընկերոջիցս Զիդանի մասին նորություններ ստացա: Զիդանը մադրիդյան ակումբը լքելուց մի քանի օր առաջ ճաշել էր նրա հետ:
Նրանց հանդիպման ժամանակ Զիդանը կիսվել է իր կարծիքով Նեյմարի հավանական տեղափոխության մասին: Նա կարծում է, որ Մարսելոն և Նեյմարը չեն կարող միասին խաղալ, քանի որ զբաղեցնում են դաշտի նույն հատվածը: Հետևաբար՝ նա չէր ցանկանում, որ Նեյմարի տեղափոխությունը տեղի ունենա»,- նշել է Ռեսկեն SporTV-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի պատրաստվում գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
«ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված անընդհատ եկող հաղորդագրությունների ֆոնին՝ «Ռեալը» ցանկանում է պարզաբանել, որ մենք մտադիր չենք որևէ առաջարկ անել խաղացողի համար:
Երկու ակումբները հիանալի հարաբերություններ ունեն: Եթե «Ռեալը» մտադիր լինի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողի, ապա մենք առաջին հերթին՝ ակումբին կտեղեկացնենք դրա մասին»,- ասված է մադրիդյան ակումբի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ արդեն երկրորդ տրանսֆերային պատուհանն է, որ քննարկվում է, թե Նեյմարը տեղափոխվելու է մադրիդյան ակումբ: Խոսակցություններն ավելի ակտիվացան այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ ակումբից:
Սիրարփի Աղաբաբյան