«Դա այն դաստիարակությունն է, որը ֆեյսբուքյան օգտատերը ստացել է նախորդ ընդդիմությունից». Տիգրան Քոչարյանը՝ ֆեյսբուքյան օգտատերերի քննադատական ալիքի մասին
«Ինչ ցանել են, դա էլ հնձում են հիմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության որոշ անդամների աշխատանքից ազատվելու դիմումների մասին՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նա նկատեց, որ ժամանակին մարդիկ նույն հարձակողական ոճն ունեին նաև նախկին իշխանությունների գործողությունների նկատմամբ. «Խոշորացույցով դիտարկվում և քննադատվում էր շատ ուժեղ։ Սա նորություն չէ, հիմա Ֆեյսբուքի ժողովրդին սովորեցրել են այդպես վերաբերվել յուրաքանչյուր հարցին, ու մեկ-մեկ զարմանում են, թե ինչու է ժողովուրդն այդպես ագրեսիվ հարձակվում կամ տոնով, ոճով կամ բառապաշարով խոսում կառավարության մասին։ Դա այն դաստիարակությունն է, որը ֆեյսբուքյան օգտատերը ստացել է նախորդ ընդդիմությունից, ու ինքը մտածում է՝ ընդդիմությունը հիմա դարձել է կառավարություն, բայց քննադատության ոճն այդպիսին է։ Մարդիկ շատ ուշադիր պետք է լինեն խոսելուց, որովհետև մեկ-մեկ զարմանում ես, որ կառավարության ներկայացուցչի բառապաշարն ինչպիսին է, մարդ կա, որ դեռևս մտածում է՝ ինքն ընդդիմադիր է, փողոցում է գտնվում։ Վերջին հրաժարականների հետ կապված՝ մարդ կա, որ իրեն թույլ է տալիս «տասովշիկություն» անել ու ինչ-որ բիզնես հարցեր լուծել՝ «Աշտարակ-կաթի» հետ կապված։ Ոչ մեկս էլ չենք մտածում, որ ինքը «Կյանքի խոսքի» անդամ լինելու պատճառով է ազատման դիմում ներկայացրել, բայց ինքը սկսել է օգտագործել իր կառավարության ոլորտը՝ փորձելով ինչ-որ հարց լուծել։ Իմ կարծիքով՝ էլի մի քանի այսպիսի հրաժարականներ կլինեն, մինչև մարդիկ հասկանան, որ դու պաշտոնյա ես ու քո բառապաշարին ու գործելաոճին պետք է հետևես»։
Անդրադառնալով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին, որը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Տ. Քոչարյանը նկատեց, որ, երբ ներկայիս իշխանություններն ընդդիմություն էին, քննադատում էին առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ ասելով, որ դա հակասահմանադրական է. «Ամենազարմանալին այն է, որ հիմա առաջին փոխվարչապետն ունի իր անձնական մամուլի խոսնակը: Իմ կարծիքով՝ դա աբսուրդ է, որովհետև եթե խոսվում էր պետական բյուջեի օպտիմիզացիայի մասին, փաստորեն, մենք հիմա ունենք առաջին փոխվարչապետի գրասենյակ, մամուլի խոսնակ, և այլն։ Մամուլի խոսնակն իրեն թույլ է տալիս գնալ համալսարան ու ռեկտորի դեմ ինչ-որ ակցիաների մասնակցել՝ ասելով, որ ինքն այնտեղ՝ որպես համալսարանի հետ կապ ունեցող մարդ է, ոչ թե՝ պաշտոնյա։ Ի վերջո, այն ժամանակ ինքը պետք է պատժվեր։ Ինքը դրանից հետո չպատժվեց ու մտածեց, որ նստելով պատասխանատու պաշտոնում՝ կարող է ինչ-որ արտահայտություններ անել՝ մտածելով, որ ինքը քաղաքացի է, ոչ թե պաշտոնյա։ Այդպես չէ, դու կա՛մ պաշտոնյա ես, կա՛մ քաղաքացի։ Եթե այդ պետական պագոնն իր վրա էր, ինքը պետք է հաշվի առներ, որ իր արտահայտած յուրաքանչյուր միտքը ժողովուրդն ընկալում է՝ որպես Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշում»։
Տ. Քոչարյանի խոսքով՝ Կ. Փաշոյանի պաշտոնով մարդը չի կարող հրաժարական տալ, նա կարող է միայն ազատման դիմում ներկայացնել. «Մնում է՝ այդ ցածր չինովնիկները ժողովրդին ինչ-որ օֆիցիալ ճառերով դիմեն կամ հանրահավաք անեն, որ իրենք գործից ազատվում են։ Այդ մարդկանց մեջ դեռևս մնացել է այդ ֆեյսբուքային, փողոցային եռանդը, ու իրենք չեն հասկանում, որ կառավարությունում են։ Շատ են նման մարդիկ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։