«Բարեկամնե՛ր, դուք պատկերացնո՞ւմ եք էդ քվեաթերթիկի տեսքը. լավաշ է լինելու». Կառավարությունը բաց է ԸՕ քննարկումների համար

«Այն պատկերը, որ մենք ունեինք 2007-ին և 2012-ին, հետևյալն էր, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը կամ գրեթե բոլորն ապաքաղաքական անձինք էին, այսինքն՝ որպես կանոն, հանդես չէին գալիս ելույթներով, օրենսդրական նախաձեռնությամբ, և ընդհանրապես հասկանալի չէր իրենց գործունեությունն ու դերը պառլամենտում»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Ըստ նրա՝ 2017-ին անցում կատարվեց ռեյտինգայինին, որն ամբողջությամբ ժառանգեց մեծամասնականի բացասական կողմերը, և ունեցանք պատկեր, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մի կուսակցություն հավաքեց 50%-ից ավելի ձայն, թեև տեղամասերում դա ամենաազնիվ ընտրությունն էր։ Դ. Իոաննիսյանի խոսքով՝ այդ կուսակցությունը ձայներ էր ստացել մի սխեմայով, որ մարդկանց որոշման կայացումը հիմնված էր ոչ թե քաղաքական ծրագրերի ու գաղափարների վրա, այլ անձանց՝ թաղի լավ տղայի, գործատուի, «լոկալ ֆեոդալի» վրա։ Նա նշեց, որ կառավարության ծրագրում հստակ գրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ցուցակներից, անցում կատարել պարզ համամասնականի. «Ռեյտինգային ընտրակարգը՝ լինի տարածքային թե համապետական, իր մեջ պարունակում է ռիսկ, որ մարդիկ քվեարկելու են անձին»։

Նա, որպես օրինակ, նշեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ռեկորդային թվով ձայներ ստացողը նույնպես ռեկորդային ձայներ ստացավ, երբ այդ ընտրատեղամասի մեջ ներառվեց Շենգավիթը, և նույնը կլինի համապետական ցուցակի դեպքում, և նրան ոչինչ չի խանգարի իր ֆեոդալի կարգավիճակով ձայներ բերել իրեն ու իր կուսակցությանը՝ այդպիսով ապաքաղաքականացնելով ընտրությունները։

«Մենք խորապես հուսով ենք, որ այս պրոցեսի արդյունքում մենք կունենանք ընտրական օրենսդրություն, որը կապահովի մրցակցությունը, կապահովի ցանկացած կուսակցության հաղթանակի և պարտության  հավասար հնարավորությունները, որի արդյունքում քաղաքացին չի ասի, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են»,- ասաց Դ. Իոաննիսյանը։

Ըստ նրա՝ տարբեր թերություններ, մարզային ներկայացվածության խնդիրը լուծվում են, եթե ընտրությունները մրցակցային են, և եթե ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն, ապա մարզային թեկնածուների որևէ քվոտավորում իմաստ չունի, որովետև եթե մի կուսակցություն Շիրակի մարզից թեկնածու ունի, մյուսը՝ ոչ, ապա ակնհայտ է, որ կուսակցությունն է շահագրգռված մարզային թեկնածու բերել ցուցակ. «Եթե որևէ կուսակցություն առավելապես Երևանի բնակիչներ ներառի ցուցակում, մարզերի բնակիչներն էլ կասեն՝ ա դե, զզվացրին էս երևանցիք, ու կընտրեն մարզային թեկնածուներ ունեցող կուսակցությանը»։

ՀՅԴ-ի առաջարկած բաց համամասնականի դեպքում, ըստ Դ. Իոաննիսյանի, եթե 150 հոգին լինեն ֆիքսված թեկնածուներ, 150-ը՝ ռեյտինգային, ապա դա նշանակում է՝ կուսակցությունը կարող է ունենալ մինչև 150 ռեյտինգային թեկնածու. «Բարեկամնե՛ր, դուք պատկերացնո՞ւմ եք էդ քվեաթերթիկի տեսքը։ Դա լինելու է քվեաթերթիկ, որ լավաշ է լինելու։ Պատկերացնո՞ւմ եք էն ծրարի տեսքը, որի մեջ պետք է տեղավորվի էդ քվեաթերթիկը»։

Նա նշեց, որ հանձնաժողովը դեմ է քվեախցիկում գրիչի առկայությանը, և դրա հնարավորությունը տալիս է փակ համամասնական համակարգը. «Մենք ձերբազատվում ենք կարմիր, կանաչ, կապույտ գրիչներից»։

Նա ընդգծեց, որ Հայաստանը փոքր երկիր է, պետք չի այն մաս-մաս կիսել, մեղրեցու և նոյեմբերյանցու շահերն օրենսդրական մակարդակով չեն տարբերվում։

Դ. Իոաննիսյանն ընդգծեց, որ կառավարությունն ամեն դեպքում բաց է քննարկումների համար, հակառակ դեպքում չէր գա խորհրդարան։

Տեսանյութեր

Լրահոս