«Սա լավ սկիզբ էր». Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, թե Հելսինկիում իր եւ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված հանդիպումը «լավ սկիզբ» էր: Մինչեւ Պուտինի հետ հանդիպումը Թրամփն ասել էր, թե հույս ունի հաստատել «արտակարգ հարաբերություններ»: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում իրենց հանդիպումն անցկացրին փակ դռների հետեւում, միայն իրենց թարգմանիչների ներկայությամբ: Բանակցությունները տեւեցին երկու ժամ, որից հետո քիչ անց, նախագահները հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով:

Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները սրվել էին 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո: Ռուսաստանը մեղադրվում է նաեւ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերի մեջ: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առուները նույն հունով չեն գնում նաեւ Սիրիայի հակամարտության հարցում:

ԱՄՆ-ի քաղաքական մի շարք գործիչներն էին հորդորել Թրամփին չեղյալ հայտարարել այս գագաթաժողովը: Սակայն թվիթերյան իր էջում Թրամփը ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման փաստը կապում է «ԱՄՆ-ի տարիներ տեւած հիմար քաղաքականության, իսկ հիմա կեղծ վհուկաորսի հետ»:

Նա նկատի ունի հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի խմբի կողմից անցկացվող հետաքննությունը, որի նպատակն է պարզել, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարի ընթացքում եղել են գաղտնի հանդիպումներ ռուսների հետ, թե ոչ:

Թրամփի թվիթերյան այս գրությանը Ռուսաստանի արտգործնախարարությունն իր Թվիթերում պատասխանել էր շատ կարճ. «Մենք համամիտ ենք»:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփի թվիթերյան գրառումները կարող են մտահոգել Սպիտակ տան նրա խորհրդականներին, որ Թրամփը կարող էր բանակցությունների ժամանակ ավելի մեծ հարթակ տրամադրել Պուտինի համար:

Ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը, խոսելով նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մեղադրանքների մասին, պաշտպանեց Ռուսաստանի տեսակետները: Նա, անտեսելով ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների զեկույցները, ասաց, թե ընտրություններում միջամտություն ցուցաբերելու համար Ռուսաստանը չուներ պատճառ: Իր հերթին, Պուտինը կրկնեց, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին:

Հարցին, թե ում է ինքն ավելի վստահում իր իսկ հետախուզական գործակալություններին, թե Պուտինին, Թրամփը պատասխանեց, որ մեծապես վստահում է ԱՄՆ-ի հետախուզությանը, եւ ավելացրեց սակայն, թե Պուտինը շատ վստահ էր այդ մեղադրանքները հերքելու հարցում:

Պուտինն իր հերթին հայտարարեց, թե բանակցություններն անցել են անկեղծ ու գործնական մթնոլորտում, եւ հանդիպումն անվանեց «հաջողված»:

Մեծաթիվ քաղաքական գործիչներ են քննադատում Թրամփին այս հանդիպումից հետո: Հանրապետական ավագ սենատոր Լինդզի Գրեհեմը, որը Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ է, ասում է, թե Թրամփը Կրեմլին է հղել ուղերձ «ԱՄՆ-ի թուլության» մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ Թրամփը հանդիպումներ էր ունեցել Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի շրջանակներում ու սուր կերպով քննադատել ԱՄՆ-ի երկար տարիների դաշնակից երկրներին առեւտրի հարցում եւ ռազմական ծախսումների բնագավառում:

Իսկ թե ինչ են Թրամփն ու Պուտինը խոսել Հելսինկիում այս դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթընն ասել էր, թե կողմերը համաձայնվել էին հանդիպել առանց նախապես կազմված ու համաձայնեցված օրակարգի:

Տեսանյութեր

Լրահոս