«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բեռնաթափել ընտրողների ցուցակները
«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար առաջարկում է ընտրողների ցուցակների բեռնաթափում` կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով: Կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն այս մասին ասաց Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Պետք է բեռնաթափվեն և մաքրվեն ուռճացված ցուցակները, որպեսզի կրկնաքվեարկութունները բացառվեն: Առաջարկում ենք ստեղծել ընտրողների ռեգիստր, որտեղ առանձնացված կլինեն Հայաստանում գտնվող անձանց և երկրից վեց ամսից ավելի բացակայող մարդկանց ցուցակները»,- ասաց խոսնակը:
Նա կարևորեց նաև հանրային քննարկումների ակտիվ անցկացումը և քվեարկության գաղտնիության ապահովման նպատակով քվեախցիկների կահավորումը:
Խոսնակի կարծիքով` մամուլը ընտրությանը և դրան նախորդող օրերին սխալ ինֆորմացիայի համար պետք է հերքում ներկայացնի վեց ժամվա ընթացքում:
Հերքման ինստիտուտի ավելի լավ աշխատանքի հետ կապված հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց` այդ հարցն իրենց սեղանին է: «Պետք է այնպես անենք, որ հերքման ժամկետները դառնան ողջամիտ: Մանավանդ ընտրությունների ժամանակ դրանք պետք է սեղմ ժամկետներում լինեն»,-նշեց Իոաննիսյանը:
Անդրադառնալով ընտրողների ցուցակների մաքրմանը` նա նշեց` չկա հստակ ինֆորմացիա, թե ընտրական ցուցակներում առկա մարդկանցից ովքեր են հանրապետությունում, ովքեր` ոչ: Ցավոք չեն էլ կարող լինել: Վավեր փաստաթուղթ չունեցող 100 000 -190 000 մարդ դուրս կմնա ցուցակից: