Առաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի առաջիկա ընտրություններում դիտորդների անուն-ազգանունները պարունակող վկայագրեր տրամադրելու հարցը: Դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների հետ հանդիպմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը` դիտորդներին նախապես բեյջեր տրամադրելու՝ ներկաների առաջարկին ի պատասխան:

«Կեղծ դիտորդների խնդիրն իսկապես կա: Մեծ քանակի կեղծ դիտորդներ ենք հայտնաբերել Երևանի ավագանու նախորդ ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անուն չի լրացնում: Եթե պահանջենք, որ գրանցեն անուն-ազգանունները, տպեն լուսանկարները, մենք խնդիր ենք ունենալու ժամկետների հետ: Իսկ մենք ուզում ենք հավատարմագրման նույնիսկ այդ տասնհինգ օրը կրճատել»,-ասաց Իոաննիսյանն ու խոստացավ` այնուամենայնիվ՝ կքննարկեն վկայականները տրամադրելու ողջամիտ ժամկետները:

Իոաննիսյանի կարծիքով` այս հարցում պետք է գործի Վարչական իրավախախտումների մասին օրենքը: «Որոշ քրեագետներ նման պահվածքը համարում են փաստաթղթի կեղծում: Եթե այդպես է, ապա իրավապահները պատշաճ կիրականացնեն իրենց գործառույթը հանցագործության բացահայտման ուղղությամբ: Մենք նաև կարող ենք համապատասխան օրենսգրքում այդ արարքը դարձնել պատժելի»,-նշեց Իոաննիսյանը:

Նրա կարծիքով` հնարավոր է, որ նաև գտնեն միջանկյալ լուծում` քվեարկությունից տասնհինգ օր առաջ ՀԿ-ն ներկայացնի դիտորդների ցուցակ: Նշեց` կխոսեն ԿԸՀ-ի հետ և կլսեն նաև իրենց դիրքորոշումն այս հարցում: Իոաննիսյանի կարծիքով` դիտորդի վկայական պետք է լինի: «Անձը պետք է տեսանելի կերպով կրի վկայագիր: Թեկուզ բյուջեի վրա ծախս կլինի, բայց գործնական առումով հարց կլուծի»,-նշեց նա:

Առաջարկ հնչեց նաև, որ դիտորդների վկայագրերը լինեն QR կոդով: Դրանով հնարավոր կլինի դիտորդի մասին լրացուցիչ ինֆորմացիա ճշտել սմարթֆոնի միջոցով: Առաջարկվեց նաև ՀԿ-ներին տրամադրել անհրաժեշտ քանակով վկայականներ, դիտորդների վարքագծի պատասխանատվությունը դնել հենց ՀԿ-ների վրա, և նրանցից էլ հաշվետվություն ակնկալել: Առաջարկվեց նաև ԿԸՀ-ից վերցնել որոշ գործառույթներ: Իոաննիսյանը նկատեց` եթե դիտորդական առաքելությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, ապա դա չանելու դեպքի համար ևս պետք է որոշակի դրույթներ սահմանվեն:

Թե վկայագրերի որ տարբերակը կընտրեն դիտորդների համար, դեռ կքննարկվի:

Տեսանյութեր

Լրահոս