
Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտնել է, որ առաջիկա օրերին երկրում կվերացվի շուրջ 2 տարի գործող արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Արտակարգ դրության ռեժիմը մի քանի օրից կավարտվի, սակայն դա չի նշանակի, որ մենք դադարեցնելու ենք պայքարն ահաբեկչության դեմ»,- նշել է նա:
Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: Մինչ օրս երկրում պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը:
Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու հրամայականով:
Այդուհանդերձ, Թուրքիայում հաստատված արտակարգ դրությունը մինչ օրս օգտագործվել է այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվել է 67 թերթ, 20 ամսագիր, 34 ռադիոկայան, 30 հրատարակչատուն և 32 հեռուստատեսային ալիք: Ձերբակալվել ու կալանավորվել են հազարավոր մարդիկ: