«ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ փոփոխություն չկա, իսկ դուք ասում եք, որ դա փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից». Սվիտալսկի

«ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած աշխատանքային այցին:

Դեսպան Սվիտալսկին ասաց, որ ՀՀ վարչապետը Բրյուսել կատարած իր այցի ընթացքում ունեցավ հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և ուղերձը, որը հղվեց նրանց կողմից, շատ հստակ էր` ԵՄ-ն ողջունում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում, և պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին: Սրանք, նրա գնահատմամբ, հստակ ու ուժեղ բարեկամական ուղերձներ են, որոնք փոխանցվել էին ՀՀ վարչապետին բոլոր հանդիպումների ընթացքում:

«Ես հասկանում եմ, որ վարչապետը հնարավորություն էր ունեցել արտահայտել իր սեփական ուղերձները նրանց ուղղված, և մենք այստեղ կաշխատենք կառուցողական մոտեցմամբ այս հռչակագիրը գործողությունների վերածելու համար: Ես պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողություններով աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին»,- նման կարծիք հայտնեց Սվիտալսկին:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, դեսպանն ասաց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը:

«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, նախարարների հետ, և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց, թե ինչպես օգնենք, ինչ եք ակնկալում մեզնից, սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել: Մենք կցանկանայինք լսել մեր գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձևով ԵՄ-ն կարող է օգտակար լինել: Որոշ նախնական գաղափարներ ստացել ենք, կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Ինչ ենք լսել, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որպեսզի առաջ շարժվենք, անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ կոնկրետ գաղափարներ ստանանք: ԵՄ-ն կառուցողական է տրամադրված, հասկանում ենք, որ ՀՀ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, նախարարների մեծ մասը նոր են կառավարման համակարգում, նրանք պետք է նկատի առնեն, թե որն է լավ Հայաստանի համար: Կարող եմ ասել, որ, ինչպես և նախկինում, մենք՝ որպես ԵՄ, այստեղ՝ ՀՀ-ում, կառուցողական ենք տրամադրված»,- հստակեցրեց Սվիտալսկին:

Հարցին, թե Փաշինյանի և իր հայտարարություններն արդյոք չե՞ն հակասում, դեսպան Սվիտալսկին պատասխանեց, որ այն ջերմ հայտարարությունները, որ իրականացվել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իսկապես հիմնված էին լուրջ տրամադրվածության վրա:

«Ինչպես ասացի, մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայ գործընկերներից և միասին քննարկենք` ինչպես առաջ տանենք այս գաղափարները: Սրանք պետք է շատ կոնկրետ քննարկումներ լինեն: Մենք գործում ենք կոնկրետ շրջանակներում, ԵՄ-ն բարդ կազմակերպություն է, հավանաբար որոշ մարդկանց համար դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք գործում, գուցե ձեզ համար ևս հարկ կլինի կազմակերպել սեմինար: Այս շաբաթ օրը մենք կազմակերպում ենք սեմինար ՀՀ պաշտոնյաների` նոր փոխնախարարների համար, օգնելու համար նրանց հասկանալ՝ ինչպես է ԵՄ-ն աշխատում, ինչ հնարավորություններ կան ԵՄ-ի հետ: Որպեսզի դուք հասկանաք, մեր հարաբերությունների իրավական և քաղաքական հենքը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է և գործընկերության առաջնահերթությունների փաստաթուղթը: Քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով, որը բանակցվել էր նախորդ իշխանության հետ, մենք պատրաստ ենք քննարկել գաղափարները, մեր կողմից կա լիարժեք բաց տրամադրվածություն՝ քննարկելու՝ ինչ կցանկանաք փոխել մեր հարաբերություններում: Հարկ է հասկանալ, որ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ, իսկ դուք ասում եք, որ այս հայկական գոյություն չունեցող քաղաքականությունը փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից, ինչպես համատեղել այս երկուսը»,- նկատեց Սվիտալսկին:

Դեսպանը պարզաբանեց, որ ԵՄ-ն աշխատում է երկարաժամկետ կտրվածքով, այդ թվում՝ նաև այն գործիքները, որոնք առաջարկվում են ՀՀ-ին, սահմանվում են յոթ տարին մեկ անգամ բազմամյա ֆինանսական շրջանակի միջոցով, ներկայիս շրջանակահատվածի ժամկետն ավարտվում է 2020 թվականին:

Ըստ նրա, այս յոթամյա ժամանակահատվածը բաժանվում է երկու ենթաժամանակահատվածների, որոնք անվանում են միասնական աջակցության շրջանակ, ապրիլին` նախքան իրադարձությունների ծավալումը, շրջանակն էր ընդունվել, սա է իրավիճակը, որևէ գաղտնիք չկա դրանում, այս շրջանակը հնարավորություն կտա Հայաստանի ուղղությամբ աջակցությունն ավելացնել 25 տոկոսով: Սա, նրա խոսքով, զգալի է, ԵՄ-ն արդեն ամենամեծ դրամաշնորհատուն է:

«Սա մեր գործունեության ձևերի վերջն ու միակ ձևը չէ: Այս շրջանակը բաժանվում է ամենամյա գործողությունների ծրագրի: Մենք ակնկալում ենք, որ կստանանք կոնկրետ գաղափարներ ամենամյա գործողությունների վերաբերյալ այս տարվա համար, և այն կլրացվի այնպիսի բովանդակությամբ, որը համապատասխանի հայկական ակնկալիքներին և օրակարգին:

«Մենք բոլորս, ովքեր ՀՀ-ում աշխատում ենք, ամբողջ թիմով կանգնած ենք, սպասում ենք կոնկրետ գաղափարների: Սա իր չափերով աննախադեպ է: ԵՄ-ն երբեմն բարդ ընթացակարգերով է աշխատում, բայց մեծ է ճկունությունը, որը հնարավորություն կտա փոփոխել այն, ինչն առաջ ենք տարել նախորդ կառավարության հետ, որպեսզի դա համապատասխանի ներկայիս կառավարությանը, կա բավարար քաղաքական կամք»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս