Հայկական կողմը կապի մեջ է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ահազանգած Բելառուսի քաղաքացու հետ
Ինչպես հայտնի է, հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը համացանցում տեսաուղերձ է տարածել և հայտարարել, որ իր դեմ հետապնդում է սկսվել Ադրբեջան այցելելուց հետո։
«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես լքել եմ իմ երկիրը, թե ուր եմ ուղևորվում, անվտանգության նկատառումներով չեմ կարող ասել: Բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Իմ կյանքը վտանգված է: Իմ յուրաքանչյուր քայլին հետևում են»,- նշել է բլոգերը։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ իրենք կապ մեջ են այդ քաղաքացու հետ. «Մենք կապի մեջ ենք նրա հետ, այս պահին քայլեր են ձեռնարկվում նախ՝ գնահատելու այդ վտանգավորության աստիճանը ու հնարավոր աջակցություն ցուցաբերելու։ Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ նա Բելառուսի քաղաքացի է՝ նաև Բելառուսի իշխանությունները նրան պաշտպանելու և նրա անվտանգությունը պահպանելու որոշ գործողություններ պետք է ձեռնարկեն»։