Բաժիններ՝

101 տարեկանում մահացել է Հենրի Մորգենթաուի թոռը

Մահացել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մշտապես պայքարող Հենրի Մորգենթաու 3-րդը՝ 101 տարեկան հասակում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Գրող և հայտնի հեռուստատեսային պրոդյուսեր Հենրի Մորգենթաու կրտսերը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային, մասնավորապես Միացյալ նահանգների կողմից, ճանաչման համար: Հայոց ցեղասպանության պատմության մանրամասները լսել է ականատեսից՝ իր պապիկից, տեսել և որպես օրինակ է ունեցել հենց նրա կյանքի պայքարը հանուն արդարության հաստատման, մարդասիրության:

Հենրի Մորգենթաու կրտսերն իր հարցազրույցներում ու ելույթներում հետևողականորեն խոսել և պատմել է իր պապիկի հիշողություններից ստացած տեղեկությունները: Ելույթներից մեկում նշել է. «Պապս հաճախակի ասում էր, որ Ցեղասպանության ժամանակ հայերի կյանքը փրկելու փորձերը և Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի ստեղծումը նրա ձեռքբերումներից առավելագույնն էին»:

1999 թ. Հենրի Մորգենթաու կրտսերն այցելել է նաև Հայաստան, եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Մասնակցել է նաև իր պապիկի՝ Հենրի Մորգենթաուի գերեզմանից բերված հողի Հուշապատի մեջ ամփոփման միջոցառմանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մշտապես իր գործունեության հորիզոնում է պահել Հենրի Մորգենթաուի կյանքի ու գործունեության հիշատակման միջոցառումները, կապ է պահել նրա ազգականների հետ:
2015 թ. –ին թանգարան-ինստիտուտում բացվել է նաև նրա անունը կրող աշխատասենյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս