«Հայերը Ֆինանսների աշխարհում». համաժողով Լոնդոնում
Լոնդոնի Nortumberland Ave 8 էլիտար ժողովասրահում հուլիսի 14-ին տեղի կունենա «Հայերը Ֆինանսների աշխարհում» (Armenians in Finance-AIF) երկրորդ ֆորումը։ Միջոցառման հիմնական նպատակը հայազգի պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբված համայնքի ստեղծումն է:
Ֆինանսիստների համախմբված հայ համայնքն ի զորու է բազմաթիվ խնդիրներ լուծել: Ֆինանսական բնագավառում նորեկները կարիք ունեն ուսուցիչների, մինչդեռ ավագները փնտրում են նոր բիզնես գործընկերներ, ներդրողներ և ներդրումներ: Այս կարևոր առաքելությունը դուրս է գալիս ստանդարտ համայնքի սահմաններից, և վերջին տարիներին ցանցն այնքան է ընդլայնվել, որ ընդգրկում է այլ ոլորտներում և ամբողջ աշխարհում աշխատող անդամների՝ կապելով մեզ միմյանց հետ և նրանց ընդհանուր հայկական արմատներին:
«Հայերը Ֆինանսների աշխարհում» առաջին համաժողովը տեղի ունեցավ 2017 թ. նոյեմբերին: Ավելի քան 150 հայ ֆինանսիստ ղեկավարներ հանդիպեցին Լոնդոնի Բալգարի հյուրանոցում: Երեկոն սկսվեց շամպայնով և նեթվորքինգով, այնուհետև տեղի ունեցան մի շարք զեկույցներ ՀԲԸՄ-ի և Հայաստանում RVVZ հիմնադրամի բարեգործական աշխատանքների մասին: Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ և պրոֆեսիոնալների հետ հանդիպելու հնարավորությամբ:
Ոգևորված դրական արձագանքներով, մասնակիցների խանդավառությամբ և հաճելի մթնոլորտով, AIF թիմը որոշել է ամրապնդել հաջողությունը և կազմակերպել երկրորդ ցանցային միջոցառումը՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնել համայնքը, հետևել Հայաստանում վերջին զարգացումներին և, իհարկե, անդրանիկ գաղափարը դարձնել ավանդական: Այն ժամանակ մասնակիցներից շատերը շեշտեցին, որ «իրենք [մասնակիցները] ակնկալում են ավելի շատ միջոցառումներ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս կտրվել առօրյայից և կապ հաստատել նույն փորձը և հետաքրքրությունները կիսող հայրենակիցների հետ: Մենք հնարավորություն ենք ստանում՝ լինելու տեղեկացված, արտահայտելու մեր մտքերն ու մտահոգությունները համախոհ մարդկանց հետ և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու»:
Ամառային այս միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ գործընկերությամբ, և սպասվում է, որ կհյուրընկալվեն Մեծ Բրիտանիայից, Եվրոպայից և Հայաստանից ֆինանսական ոլորտում աշխատող ավելի քան 150 հայեր:
2018թ. ամառային միջոցառումը կազմված կլինի սեմինարից և ամառային գալա-ճաշկերույթից: Սեմինարը կտևի մոտավորապես 4 ժամ, որպես հիմնական բանախոսներ՝ հանդես կգան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ՀԲԸՄ գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RVVZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օյուջյանը և Մանուկ Հերգնյանը՝ Granatus Ventures-ի հիմնադիր և կառավարման գործընկեր: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով, մասնավորապես՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես են ֆինանսները փոխազդում այսօրվա Հայաստանի վրա, ինչպես նաև այս ոլորտում հայ համայնքի ապագայի վրա:
Թեև մեր կազմակերպչական կոմիտեն ներկայումս տեղակայված է Լոնդոնում, բայց նախաձեռնողներն աշխատում են անխափան համագործակցություն հաստատել աշխարհի այլ քաղաքների համախոհների և կազմակերպությունների հետ: Նախատեսվում է նմանատիպ միջոցառումներ անցկացնել այլ խոշոր ֆինանսական կենտրոններում, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Փարիզը:
ԱՍՏՂԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ