Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» և իր անմիջական մասնակցության մասին

«Սա հայկական ոգու թռիչքն է, որ վերջին ամիսներին միասին ապրեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով թավշյա հեղափոխության մասին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ իրենք աջակցում և զորակցում են կառավարության գործունեությանը: Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք մի քիչ բարդույթ ունեն հիմա, քանի որ վերջին տարիներին միշտ ընդդիմություն են եղել, իսկ հիմա՝ ո՛չ:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների այն դրույթին, որով նախատեսվում է իջեցնել ընտրական շեմը, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրենք էլ են առաջարկությունների փաթեթ ներկայացրել, որտեղ նույնպես նման առաջարկ է եղել:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությանն» մասնակցել-չմասնակցելուն՝ Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրենք անպայման կմասնակցեն, բայց դեռ չեն քննարկել այդ հարցը: Նա կողմնակից է, որ հեղափոխությանը ներգրավված ուժերը միասնական դաշինքով կամ այլ ֆորմատով մասնակցեն ընտրություններին:

Կարդացեք նաև

«Ես միասնական ցուցակի առաջարկ եմ արել, եթե ստացվի, շատ լավ լինի, իսկ եթե չէ, «Ժառանգությունը» կորոշի՝ առանձի՞ն գնալ, թե՞ այլ ֆորմատով: Ամեն դեպքում ակտիվ կմասնակցի այդ գործընթացներին»,- նշեց Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գտնում է՝ հեղափոխությունը նաև իրենց հաղթանակն է, ու ճիշտ կլինի, որ հեղափոխության ուժերը միասին գնան ընտրություններին:

Ր. Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ «Ժառանգությունը» որոշ ժամանակ ընդհատակ էր անցել. «Մեր թե՛ աստեղային, թե՛ վայրէջքի ժամերին մենք եղել ենք բաց լրագրողների առաջ»:

Նա վստահություն հայտնեց, որ մասնակցության դեպքում՝ իրենք անպայման կլինեն խորհրդարանում:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՕՐՕ դաշինքը վերակազմավորվի, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.  «Ես հիմք չունեմ վերջնական պատասխան տալու, կարող եմ տեսակետ հայտնել, որ դա նախընտրական դաշինք էր, որն իշխանությունների կողմից թիրախավորվեց, բայց չեմ կարծում, որ այդ դաշինքը հիմա գոյություն ունի, ու պետք է նոր լուծումների մասին մտածել»:

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք ինքը կլինի հաջորդ խորհրդարանում՝ Ր. Հովհաննիսյանն ասաց, որ օրենսդիրում կլինի թե գործադիրում, կարևոր չէ, բայց ինքը կլինի նոր Հայաստանի կրողներից մեկը: Ամեն դեպքում, նա նորից նշեց, որ «Ժառագությունը» կմասնակցի ընտրություններին, և հավանական է, որ ինքն էլ կլինի ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս