«Պետք չէ սպասել այս կամ այն պետությունից ավելին, քան այն շահերը, որ մեր միջև կան»

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շատ է կարևորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել պաշտոնական այցը:

«Արդյունքները մոտակա ժամանակ կերևան»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ի՞նչ ակնկալիքներ կան այդ այցի:

Անդրադառնալով Հայաստանի կողմնորոշման փոփոխության մասին շահարկումներին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանը որևէ տեղ չի գնում, իր տեղում է գտնվում և պատրաստ է համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Եվրոպայի, ինչի վկայությունն է CEPA-ի մասին համաձայնագիրը և այն գործընթացը, որը շարունակվում է.

«Մեր առաջնահերթությունը պրոհայկական է, ամեն մի պետություն ելնում է իր սեփական շահերից և կառուցում է իր հարաբերությունները հարևանների, ուժային կենտրոնների և բազմաթիվ պետությունների հետ: Դա հնարավոր է և, ես համոզված եմ, որ արվելու է»:

Դիտարկմանը, որ վերջերս էլ ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ ՀՀ-ն պրոռուսական դիրքորոշում դրսևորեց, Շ.Քոչարյանը նշեց, որ ամեն մի պետություն ելնում է իր շահերից և հարաբերությունները մյուս պետությունների հետ կառուցվում են նրա վրա, որ շահերը համընկնում են.

«Պետք չէ սպասել այս կամ այն պետությունից ավելին, քան այն շահերը, որ մեր միջև կան»:

Տեսանյութեր

Լրահոս