Մասիսի «թայֆաները» փորձում են զավթել Մասիսի քաղաքապետի աթոռը. Մուրադ Մուրադյանը մանրամասներ է հայտնում
Մասիսի «թայֆաները» փորձում են զավթել Մասիսի քաղաքապետի աթոռը և այդ պատճառով են քաղաքապետի դեմ քրեական հետապնդում իրականացնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ խոսելով ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ու նրա եղբոր կալանավորման մասին:
«Միջադեպը եղել է միլիցիայի և քաղաքացիների միջև: Այդտեղ Դավիթ Համբարձումյանի հայրական տունն է եղել, մեծ կռիվ ա եղել, չպիտի՞ գնար: Ես էլ լինեի, ես էլ կգնայի: Պիտի ասեիք՝ ես եմ արե՞լ: Մինչև իր գնալը էդ կռիվը եղել է, տարել են շատ բարձրաստիճան պաշտոնյաների հիվանդանոց, հանձնարարել են չգրանցել, մարդիկ սիստեմայի տակ են եղել: Միլիցիայի պետին օգնություն են ցույց տվել, բոլորին օգնություն են ցույց տվել, ոչ մի տեղ էլ դա գրանցված չէ: Իսկ քաղաքապետի վրա գիտե՞ք ինչ են գրել, ոմն մեկն ասել է՝ դու սիլլա ես տվել: Ասել է՝ էդ ոմն մեկին բերեք, տեսնենք: Խի ըտենց մա՞րդ են կալանավորում»,- ասաց Մ.Մուրադյանը: