ՊԵԿ-ն անցել է նախկին գործելաոճին՝ հսկիչ գներով է մաքսազերծում ու տոտալ տուգանում է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի եւ կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, եւ տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում:
Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. «Մի քանի օր սպասենք, եթե տեսնենք, սա համատարած է, ապա, անպայման, մեր անուններով կխոսենք ու հայտարարություն կանենք: Այդ հսկիչ-գները երկար տարիներ բիզնեսի գլխացավանքն են եղել: Մաքսայինը մեր ապրանքը չէր մաքսազերծում ու մաքսազերծման իր «գինն» էր թելադրում: Ուզեինք-չուզեինք՝ ենթարկվում էինք իրենց հսկիչ-գներին, հակառակ դեպքում կամ պիտի կաշառք տայինք, կամ ապրանքը պիտի ամիսներով մնար պահեստում»:
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ մի քանի դեպք գիտի, որ այս օրերին մաքսայինը հսկիչ-գներով է մաքսազերծումն իրականացնում, մինչդեռ նոր կառավարությունը վստահեցրել էր՝ պետք է բացառեն հսկիչ-գների կիրառումը. «Փաստորեն, ՊԵԿ-ը չի բացառել, եւ սա մի ահազանգ է, որով ցույց են տալիս՝ շարունակում ենք հին ձեւով աշխատել: Սրա հետեւանքը հետո կերեւա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: