Տորրեսը հեռացավ Մադրիդից
Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորրեսը կշարունակի կարիերան Ճապոնիայում:
34-ամյա ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կշարունակի իր կարիերան «Սագան Տոսուում»:
««Սագան Տոսուն» առաջին ակումբներից մեկն էր, որը հետաքրքրվեց ինձնով, և ես գնահատում եմ նրանց համառությունը: Նրանք ինձ համոզեցին իրենց սպորտային և մշակութային նախագծերով»,- պատմել է իսպանացի ֆուտբոլիստը:
Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Տորրեսի աշխատավարձը տարեկան կկազմի 6,2 մլն եվրո:
Ընդհանուր առմամբ՝ Տորրեսը մադրիդյան ակումբում անցկացրեց 11 մրցաշրջան, փոխեց 8 գլխավոր մարզիչ, 34 թիմակից, տոնեց 180 հաղթանակ:
«Ես տեղափոխվեցի «Ատլետիկո» երբ 10 տարեկան էի: Սա իմ տունն է: Ես այն հաջողակն եմ, ով այստեղ անցկացրել է իր դեբյուտային խաղը, հաղթանակ է տոնել և գոլեր է խփել: Ես կարող եմ շատ ակումբներ փոխել, բայց միայն մեկն է, որ ինձ համար հարազատ է, իմ տունն է: Ես «Ատլետիկոյի» մասն եմ, ով պայքարում էր մրցանակների համար: Սա իմ վերջին մրցաշրջանն էր ակումբում: Սա բարդ որոշում է, բայց, հաշվի առնելով հանգամանքները, կարծում եմ ՝ սա կտանի ինձ դեպի լավը»,- նշել է Տորրեսը:
Տորրեսի այս որոշումն անակնկալի բերեց շատերին, քանի որ նա միշտ նշել է, որ ցանկանում է ավարտել կարիերան մադրիդյան ակումբում:
Տորրեսն ասել է, որ իր հեռանալու որոշումը ոչ մի կերպ չի փոխի իր վերաբերմունքը դեպի ակումբը:
«Ես պատասխանատու եմ Տորրեսի վերադարձի համար: Ես շատ բան եմ արել, որ Տորրեսը վերադառնա: Բայց ակնհայտ է, որ ես իմ դերը ունեցել եմ նրա հեռանալու որոշման մեջ: Տորրեսն ակումբի պատմության փայլուն ներկայացուցիչներից է: Ես դա ասել եմ նրա հետ առանձնազրույցի ժամանակ»,- նշել է ակումբի մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Սիրարփի Աղաբաբյան