«Այս փոփոխությունը ենթադրում է 45-47 միլիարդ դրամի բյուջետային մուտքերի նվազում». Ատոմ Ջանջուղազյան
Այսօր կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» ՀՀ կառավարության եզրակացությունը: Նախագիծը ներկայացրել էին «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարայանը և Խոսրով Հարությունյանը:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ նախագծի հեղինակներն առաջարկում են մինչև հինգ հարյուր հազար դրամի դեպքում լինի 20 %, դրանից ավելիի դեպքում՝ 25% դրույքաչափ կիրառելու կարգավորում. «Սկզբունքները կառավարության ծրագրում նախատեսված է, և գնում ենք այն ճանապարով, որ ուղղակի դրույքաչափերը վերանայվելու հնարավորություն ընձեռվի, և այդ միջոցները նպաստեն տնտեսական զարգացմանը: Այս դեպքում նույնպես պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, որվհետև այս փոփոխությունը ենթադրում է որոշակի բյուջետային մուտքերի նվազում: Խոսքը 45-47 միլիարդ դրամի նվազման մասին է, և այս փոփոխությունները պետք է ուղեկցվեն այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով»:
Այսպիսով կառավարությունը ձեռնպահ մնաց առաջարկված փոփոխության կատարումից, սակայն նշեց, որ այս հարցն ուշադրության կենտրոնում են պահում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում այս հարցի վերաբերյալ լուրջ քննարկում են ունեցել. «Մենք արձանագրեցինք, որ մենք պետք է գնանք այստեղ ռիսկով, դուխով փոփոխությունների: Մենք, ի վերջո, կարծում եմ, որ ճիշտ եզրահանգման ենք եկել, որ Հարկային օրենսգրքում ոչ թե առանձին հատվածական փոփոխությունների գնանք, այլ մի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք և ամբողջական փոփոխությունների գնանք»:
Նախարարը հավելեց, որ սեպտեմբերին պետք է պատրաստ լինեն փաթեթն Ազգային ժողով ներկայացնել, քանի որ գործարար դաշտն անհամբերությամբ սպասում է դրան: