«Ես զգացի, որ կրակոցներն այս անգամ շատ մոտ են. Կրակը հասավ մեր հետևի տանը, մեր տան ապակիները թափվեցին…»
Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշից տեղահանված Խալափյանների ընտանիքը երազում է խաղաղ ու ապահով ժամանակ հայրենի գյուղում իր տունը «վերակենդանացնելու» մասին: Ընտանիքը պատրաստ է մի քանի տարի անց երեք զավակներին նույնիսկ 3 տարով զինվոր ուղարկել հայրենի գյուղը պաշտպանելու:
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տեղահանված ընտանիքի մոր՝ Գոհար Խալափյանի հետ:
«Երբ խաղաղություն ու լիարժեք ապահովություն լինի, մենք պատրաստ ենք վերադառնալ ու մեր միջոցներով վերանորոգել մեր տունը: Մեր հայրենիքն է, այնտեղ ապրելն ավելի հեշտ է, այնտեղ շատ բան ունենք թողած: Շատ ենք ցանկանում, որ խաղաղություն լինի, մենք վերադառնանք ու վերակենդանացնենք մեր տունը: Սակայն կարևոր չէ, որ հիմա սեփական տուն չունենք, կարևորը երեխաների ուսումն ու ապագան են: Ուզում եմ, որ տղաներս սովորեն ու սպա դառնան: Նրանք պիտի Հայոց բանակում ծառայեն ոչ թե 2, այլ 3 տարի: Երեք տղաներս էլ պիտի անպայման ծառայեն ու անեն նույնը, ինչ շատ զինվորներ արեցին»,-ասաց տիկին Գոհարն ու հավելեց՝ կուզի, որ տղաները գնան ու հենց իրենց հայրենի գյուղը՝ Թալիշը պաշտպանեն:
Ընտանիքի մայրը հիշում է՝ առաջին կրակոցը լսել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա երկուսին՝ քնից հանկարծակի արթնանալով: Ամուսինը՝ Արթուր Խալափյանը հորդորել է չաղմկել, որ երեխաները չարթնանան ու չիմանան: Մտածել է՝ հերթական կրակոցներն են: Սակայն Գոհարի սիրտը լավ բան չի վկայել:
«Ես զգացի, որ կրակոցներն այս անգամ շատ մոտ են: Կրակը հասավ մեր հետևի տանը, մեր տան ապակիները թափվեցին: Միշտ երազ եմ տեսել, որ պատերազմ է լինելու և երեք տղաներիցս փոքրը մնալու է գյուղում: Եվ այդ պահին առաջին քայլս եղավ փոքր տղայիս սենյակ վազելն ու նրան գրկելը»,-վերհիշեց Գոհարը:
Ընտանիքը նկուղային հարկ չի ունեցել, հարևանները մտահոգվել, զանգել ու կանչել են իրենց մոտ պատսպարվելու: Սակայն որոշել են, որ այդ իրավիճակում դուրս գալը վտանգավոր է: «Մտածեցինք՝ մեզ հետ ինչ կլինի, թող մեր տանը լինի: Պատսպարվեցինք տան սյուների տակ, կրակոցները չէին դադարում: Առավոտյան հասցրել ենք վերցնել միայն մեր փաստաթղթերը: Ես, ամուսինս, երեք երեխաներս ու սկեսուրս դուրս ենք եկել տնից: Մեր մեքենան բակից դուրս գալուց անմիջապես հետո թշնամու արկն ընկել է ճիշտ մեր կանգնած տեղը: Գյուղի տղամարդիկ, ովքեր տեսել էին այդ պահը, ասում են, որ հրաշքով ենք փրկվել»,-ասաց Գոհարն ու հավելեց՝ ճանապարհվել են դեպի Արարատ՝ իր հայրական տուն:
Ընտանիքի պապը՝ Ռուբեն Խալափյանը չհավատալով պատերազմի սկսվելուն և չցանկանալով թողնել ունեցածը, իրենց կենդանիներին, մնացել է տանը: Չնայած իրենց ունեցվածքը, կենդանիները փրկելու պապի ջանքերին, արկն ընկել է ուղիղ իրենց գոմի վրա՝ վերացնելով 70 ոչխարի, ինչի համար փոխհատուցում դեռ չեն ստացել: Ապրիլի 6-ին միայն, երբ հրադադար է եղել, Ռուբեն պապը գնացել է Արարատ ու միացել ընտանիքին:
Գոհարը Թալիշի մանկապարտեզում դաստիարակ է աշխատել: Հիշեց՝ երբ տեսել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը, լուրջ չեն վերաբերվել, կատակել են նույնիսկ ու երեխաների հետ ձեռքով արել: Ամուսինը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել: Հիմա Հայաստանում է շարունակում մանկավարժի իր գործը: Արալեզ գյուղի դպրոցում է աշխատում: Գյուղապետը, լսելով ընտանիքին հասած պատուհասի մասին, անձամբ է առաջարկել այդ գործը:
Տղաներից մեծերը՝ Մովսեսն ու Արմենը, շատ ծանր են տարել պատերազմը: Կրակոցներից նրանց լսողությունը վատացել է: Գոհարը նշում է՝ Արարատում կարկտակայանների ձայնից ամեն անգամ նրանք մինչ վերջերս լալիս էին՝ հիշելով այն կրակոցները, վախենալով, որ կրկին պատերազմ է սկսվում: Կրտսեր տղան՝ 12 տարեկան Յուրին ավելի փոքր է եղել այդ ժամանակ և շատ բան չի հիշում: Գոհարը երազում է, որ տղաները բարձրագույն ուսում ստանան: Ամենամոտ ու մատչելի վայրը Արարատի քոլեջն է, սակայն դրա համար էլ ֆինանսական միջոցները բավարար չեն:
Խալափյանների ընտանիքը շատ է կարոտում Թալիշում թողած իրենց տունը: Գոհարն ասում է, թե պատերազմից հետո երկար ժամանակ քնել չի կարողացել, մինչև չի գնացել ու տեսել իրենց տունը: Օրեր առաջ երկրորդ անգամ են այցելել իրենց տուն: Տունն ու գյուղը տեսնելուց հետո կրկին համոզվել են՝ երբ ապահով լինի, անպայման վերադառնալու են այնտեղ: «Պարզապես ուզում ենք այնտեղ գլուխներս հանգիստ դնել բարձին ու քնել»,-եզրափակեց նա:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանից տեղեկացանք, որ գյուղի վերակառուցման նախագծով առաջին փուլում կառուցվել է արդեն 19 տուն, իսկ երկրորդ փուլով նախատեսված 16 տան կառուցումը դեռ ընթացքի մեջ է:
Աննա Գրիգորյան