Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը դադարեցրել է իր լիազորությունները
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը դադարեցրել է իր լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչև հաջորդ ընտրություններ ՝դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար: Ինչպես տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, այս մասին Գևորգյանը հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովի ընթացքում, որի օրակարգային մի շարք հարցերի թվում էին նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի առաջարկությամբ որոշվել է նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով,որպեսզի չկարծեն , թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել և հնարավորություն չտալ մեկ այլ թեկնածուի առաջադրվել։
«Մենք չենք շտապում և այս մեկ ամիսը ոչ մի բան չի փոխի։ Ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչև հաջորդ ընտրություններ ՝դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար։ Այս ընթացքում լրատվամիջոցներով արվեցին մի շարք հայտարարություններ, մասնավորապես՝ նշելով, որ պետք է ներդնել մինիմում 300.000 դոլար, որը հատուկ մի գումար էլ չէ։ Առաջարկում եմ այդ մարդկանց իսկապես ներդնել բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գումարը,ինչով էլ ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն պատշաճ աշխատանքի համար»,-ասել է Գևորգյանը։