«Ես առանձնապես լավատես չեմ այս ամեն ինչում, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ». Տիգրան Պասկևիչյան
«Շատ լավ է, որ այսօր լրիվ նոր որակի քրեական գործ է սկսվել ու նրա հիմքում ամբողջական նոր բանաձևում, ձևակերպում է, ինչը պաշտպանում է Սահմանադրությունը»,- այսօր «Մարտի 1-ի բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրյալ է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ա. Մանուկյանը նշեց, որ նոր որակի իմաստն այն է, որ 2008 թվականին այն ամենը, ինչ տեղի է ունեցել, արվել է իշխանությունը զավթելու համար. «Այդ բոլոր ոճրագործությունները միջոց են եղել իշխանությունը զավթելու համար։ Այսօր այդ գործը նոր որակ, նոր բնույթ է ստացել։ Կրկնակի կարելի է շնորհավորել մեր ժողովրդին, որ հույս է բացվել, հնարավորություն է ստեղծվել ամբողջական բացահայտելու Մարտի 1-ի գործը»։
Նա հավելեց, որ իրենք այդ գործի շահառուն են և պատրաստ են ամեն ինչով օգնել, որպեսզի այն բացահայտվի։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ այսօր կրկնակի կարևորվում է Սահմանադրության օրը, որովհետև առաջին քայլն արված է սահմանադրական կարգի վերականգնման առումով։
«Սա շատ կարևոր քայլ էր ՀՔԾ-ի կողմից։ Երբ խոսում ենք բացահայտման մասին, մի քիչ տարօրինակ է, որովհետև բոլորիս աչքի առաջ է եղել, ի՞նչը բացահայտենք՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, այն ժամանակվա գործողություննե՞րը, այն բոլոր մարդկանց, որոնք հետապնդումների, ապօրինի ազատազրկման, բռնությունների՞ ենթարկվեցին։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հետապնդումների են ենթարկվել այդ ընթացքում, չխուսափեն իրենց պատմությունները ՀՔԾ-ին պատմելուց»,- հայտարարեց Ա. Սաքունցը։
Հրապարակախոս, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանն էլ նշեց, որ այդ օրերին տեղի ունեցած 10 սպանությունները եղել են մեծ հանցագործության վերջնարդյունքը.
«Այս ամեն ինչը պետք է դիտարկել՝ որպես ոչ միայն պետության, ազգի, այլև՝ մարդկության դեմ գործված հանցագործություն։
Երբ ասում ենք՝ այսօր բացվել է այս գործը, ես առանձնապես լավատես չեմ այս ամեն ինչում, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ, այս գործի գլխավոր անձը Ռոբերտ Քոչարյանն է։ Ընդհանրապես ասում են, որ աստիճանները վերևից են մաքրում, ոչ թե ներքևից են մաքրելով բարձրանում։
Ես հույս ունեմ, որ այս գործը, որ սկսվել է, շատ ճշգրիտ ավարտ կունենա, հակառակ դեպքում՝ ինձ չի հետաքրքրում՝ գնդապետ էսինչյանին կամ կապիտան էսինչյանին կդատե՞ն, թե՞ ոչ։ Եթե ամբողջը չի բացահայտվելու, ես նույնիսկ կարող է՝ ինչ-որ մի պահի սկսեմ պաշտպանել այդ մարդկանց՝ համարելով նրանց նույն համակարգի զոհ»։