Նուրբ թեմա՝ Իրանի համար

Հայ-ադրբեջանական առաջնագծի Նախիջևանի հատվածում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվող անհանգստանցող զարգացումների ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի միջև:

Հուլիսի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է իրանցի դեսպանին, ով նախարարին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին:

Ուշագրավն այն է, որ այս հանդիպումը, որի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ակտիվացել են խոսակցությունները Նախիջևանից ադրբեջանական կողմի հավանական ռազմական գործողությունների մասին, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի տնտեսական և քաղաքական բավականին լայն ազդեցությունը գաղտնիք չէ որևէ մեկի համար:

Վերջին 2 տասնամյակների ընթացքում Իրանը հաջող կերպով կարողացել էր ՆԻՀ-ն դարձնել լծակ Ադրբեջանի դեմ, Նախիջևանում ձեռք բերելով ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական և կրոնական ազդեցություն իր հետևողական աշխատանքի միջոցով: Հատկանշական է, որ այս երկրամասում ազդեցության որոշակի չափաբաժին ունի նաև Թուրքիան՝ ՆԻՀ-ի հետ առևտրային հարաբերությունների, թուրքական կողմնորոշում ունեցող որոշ գործիչների շնորհիվ:

Սակայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մեծապես գոյատևում է Իրանի հաշվին, և Իրանն այստեղ որոշակի հետաքրքրություններ ունի: Ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի հակահայկական գործողություններն այս երկրամասում և տարածաշրջանում Նախիջևանից հակամարտության նոր օջախ բացելու Ադրբեջանի ցանկությունը չի կարող չանհանգստացնել Իրանին:

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի քաղաքագետ Ալի Սալամին ասաց, որ իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը ՆԻՀ-ում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա:

Սալամիի կարծիքով՝ դժվար է թերագնահատել Իրանի դերը Նախիջևանի կյանքում: Սա, նրա խոսքով, բավականին խնդրահարույց տարածք է` հակամարտության տարածք, որտեղ շահեր ունեն՝ ինչպես Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, այնպես էլ՝ Չինաստանը, Հայաստանը:

«Իրանն է մեծապես ապահովում բնականոն կյանքը ՆԻՀ-ում, Իրանը դա դիտարկում է՝ որպես տարանցիկ տարածք, շատ առևտրատնտեսական, տրանսպորտային ծրագրեր կան, մեծ ներդրումներ, որոնք վերջին տարիներին խորացրել են նաև քաղաքական կապերն ու ազդեցությունը, Իրանով է անցնում Ադրբեջանը ՆԻՀ-ին կապող ցամաքային ճանապարհը, ինչը հզոր լծակ է Ադրբեջանի դեմ, մեծացել է: Իրանը ՆԻՀ-ը երկրորդ տուն է դիտարկում, ինչպես որոշ իրանցի պաշտոնյաներ են սովոր արտահայտվել»,- ասաց Ալի Սալամին:

Իրանցի քաղաքագետի խոսքով՝ Իրանն անհանգիստ է տարածաշրջանում արձանագրվող իրադարձությունների կապակցությամբ:

«Իրանը միշտ հանդես է եկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և այս հակամարտության հարցում եղել է Հայաստանի «լուռ» կամ «գաղտնի» գործընկերը: Դա այսօր ևս այդպես է: Իրանը ցանկանալով նպաստել կարգավորման գործընթացին՝ դրան չի մասնակցել, քանի որ կա ձևաչափ, որը զբաղվում է այդ խնդրով, և ցանկացած այլ գործունեություն կխոչընդոտի այս խմբի բնականոն աշխատանքը: Իրանի համար այստեղ ռազմական գործողությունները չափազանց անցանկալի սցենար են, և մեծ անհրաժեշտության դեպքում Նախիջևանից կարող են կանխարգելվել ադրբեջանական գործողությունները:

Իրանը հնարավոր լծակները կօգտագործի: Իրանը նման քայլ արել է անցյալում, կանի անհրաժեշտության դեպքում՝ ունենալով լուրջ լծակներ Նախիջևանում: ՆԻՀ-ում ևս այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանը կարողանում է միայն ԶՈՒ-ի շնորհիվ այդ երկրամասը պահել իր ազդեցության տակ, ցանկացած առիթի դեպքում անկախության կձգտի ժողովուրդը, և դրան պետք է նպաստեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին:

Ուստի, ըստ նրա, պատահական չէ, որ այս լարված իրավիճակում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպում է Դավիթ Տոնոյանին՝ անվտանգության խնդիրները քննարկելու նպատակով: «Կարծում եմ` կողմերը ոչ միայն տեղեկատվությունը միմյանց հասցնելու նպատակ են հետապնդել, այլև «ժամացույցի սլաքները» համաձայնեցնելու հնարավոր բոլոր սցենարների դեպքում»,- ասաց Ալի Սալամին:

Իր հերթին մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, ասաց, որ Իրանը հրապարակայնորեն պահպանել է չեզոքություն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հնչեցնելով մեկ հստակ տեսակետ, որ հակամարտությունն ունի միայն մեկ` խաղաղ կարգավորում:

«Սակայն իրականում Իրանը երբեք անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում ԼՂ հակամարտության գոտում, քանի որ սա մեկ տարածաշրջան է, շահերը փոխկապակցված են, հաճախ` նույնական, և հայ-իրանական հարաբերություններում համընկնումները շատ են»,- ասաց Բարզեգարը:

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ նախաձեռնում են Ադրբեջանն ու Թուրքիան ՆԻՀ-ում, միշտ նուրբ թեմա է Իրանի համար: «Իրանի վաստակն այս տարածաշրջանում մեծ է: Բնականաբար, անհրաժեշտության դեպքում այդ վաստակը հեշտությամբ կարելի է կիրառել այս երկրամասում իրավիճակը խաղաղեցնելու նպատակով: Հետաքրքրականն այն է, որ ՆԻՀ-ում ազդեցություն ունեցող երկու երկրներից յուրաքանչյուրը Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունն է վարում, Իրանը փորձում է մոտեցնել ՆԻՀ-ը Հայաստանին, իսկ Ադրբեջանը` ընդհակառակը:

Բնականաբար, դժվար է ասել` արդյոք այն աղմուկը, որը ներկայումս կա ՆԻՀ-ի շուրջ, կվերաճի՞ լուրջ սպառնալիքի, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ կա Իրանի կողմից լուրջ ուշադրություն, և անհրաժեշտության դեպքում Նախիջևանում իրանական խաղաքարտը կօգտագործվի, կարծում եմ` այս դեպքում՝ հօգուտ Հայաստանի:

Բնականաբար, կարծում եմ, որ Իրանը կստանձնի դրական առաքելություն, հուսանք, որ դրա կարիքը չի լինի»,- ասաց նա:

Կայհան Բարզեգարն ասաց, որ նախարարի և դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպումը ցույց է տալիս, որ կողմերը քննարկում են բոլոր հարցերը, ինչը դրական հանգամանք է:

Տեսանյութեր

Լրահոս