Արտանիշ գյուղի տարածքում շարունակվում են անհետ կորած երկու երեխաների որոնումները
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ գյուղի տարածքում ՀՀ ԱԻՆ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների, համայնքապետարանի եւ տեղի բնակիչների ուժերով շարունակվում են հուլիսի 4-ից անհետացած երկու եղբայրների՝ Էդիկ եւ Էդմոն Առուշանյանների որոնման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտանիշի վարչական ղեկավար Կարեն Շուշանյանը, եղբայրներից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 11, ովքեր ամառային արձակուրդների ընթացքում աշխատել են անասնապահական ֆերմայում, որտեղից էլ տուն չեն վերադարձել: «Վրեժ Առուշանյանի ընտանիքում մեծանում են 8 երեխա: Էդմոնն ու Էդիկն ամռան արձակուրդներին աշխատանքի են անցել անասնապահական ֆերմաներից մեկում, որը գտնվում է գյուղի հարավում, Սեւանա լճի ափամերձ հատվածում:
Թե ինչ հանգամանքներում են անհետացել եղբայրները, առայժմ անհայտ է մնում: Այսօր վաղ առավոտից լայնածավալ որոնողական աշխատանքներ են ընթանում փրկարարների, ոստիկանների, հարազատների, գյուղի բնակիչների մասնակցությամբ»,-ներկայացրեց Կարեն Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան