«Միքայել Հարությունյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու հիմքում դրված է Փաստահավաք խմբի զեկույցը». Անդրանիկ Քոչարյան
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
168.am-ի հետ զրույցում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ շատ ճիշտ որոշում է կայացվել։
«Վաղուց պետք է այդ մեղադրանքն առաջադրվեր, ու ես ուրախ եմ, որ դրա հիմքում դրված է Փաստահավաք խմբի զեկույցը։ Վերջապես մենք տեսանք, որ քննչական մարմինը ճիշտ ուղղությամբ գործընթաց սկսեց, ու իրավապահ մարմինները հասկացան, որ բանակի ներգրավվածության մասին մեր զեկույցը ճիշտ պահին պետք է կիրարկման մեջ դնեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Խոսելով իրավապահ մարմինների հաջորդ քայլերի մասին՝ Ա. Քոչարյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր Մարտի 1-ի ժամանակ իշխանազանցություն են արել, պետք է հերթով կալանավորվեն. «Ես միշտ ասել եմ՝ Մարտի 1-ի բացահայտումով մենք սահմանադրական կարգը ՀՀ-ում վերջնականապես կվերականգնենք»։
Ա. Քոչարյանի խոսքով՝ երբ Փաստահավաք խումբը ստեղծվեց, և իրենք համատեղ իրականացրեցին 7 ամսվա գործողություններ, դրա պտուղն իրենք այսօր տեսան՝ Միքայել Հարությունյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելով. «Մեր ներգրավվածությունը կլինի հետևողական, ուշադիր, քանի որ Մարտի 1-ի գործընթացի ամբողջ տրամաբանությունը տիրապետում է Փաստահավաք խումբը, և մենք մեր աջակցությունը ցույց կտանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ինքը և Սեդա Սաֆարյանն այս գործի շրջանակներում հանդիպում են ունեցել Հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալի հետ։