Բաժիններ՝

«Լիդիան Արմենիա»-ն այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հուլիսի 3-ին նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռևս հունիսի 28-ին: Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Ներկայում Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է:

Լիդիանը զգալի ժամանակ և գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն և մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը:

Լիդիանը տեղեկացնում է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար:

Կարդացեք նաև

Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիտորինգի զեկույցում:

Ընկերությունը նաև հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս