Ռուսական տարբեր գնահատականներն ու նախիջևանյան ճակատը

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ  լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։

Եւ որովհետեւ Պետդումայի բաղկացուցիչ պատգամավորական խմբակցություններից էին Լելե Թեփեի այցելուները, փորձենք մնալ Պետդումայի շրջանակներում եւ հիշենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:

Չպետք է մոռանալ, որ պաշտոնական Մոսկվայի անունից ՌԴ արտգործնախարարության խոսնակը, հակակշռելով Պետդումայի խոսնակի կատարած հայտարարության բովանդակությանը, հանդես էր եկել արցախյան հակամարտության նկատմամբ իր երկրի դասական դիրքորոշումներից։ Այնուամենայնիւ նկատելի է, որ Բաքվի ձեռնարկած սեփական տարածքների վրա ռազմական կուտակումների եւ ռազմա-թատերական ներկայացումների առընթեր քաղաքա-թատերական ներկայացումներ կան այս անգամ ռուսական հարթության վրա։ Այս շրջագծում պետք է դիտարկել թե՜ Լելե Թեփեի, թե՜ Պետդումայի խոսնակի հայտարարությունները։

Բայց արտգործնախարարության խոսնակի հստակեցումները գուցե բաւարար չէին։ Որովհետեւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը անհրաժեշտ էր համարել մեկնաբանել Պետդումայի անդամ Դմիտրի Սավելևի հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան հակամարտության միակողմանի լուծմանը։ Զատուլինը այն համարել էր ոչ կոմպետենտ։

Ռուսական հարթության վրա հատկապես Պետդումայի շրջանակներում որդեգրել են մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարությունը արցախյան հակամարտության լուծման պատկերացումների բարձրաձայնումների առումով և ի դեպ առաջին անգամը չէ, որ ռուսաստանյան Պետդումայի շրջանակներից նման միակողմանի հայտարարություններ են հնչում։

Ադրբեջանական «կառուցողականության» ռազմական նորագույն դրսեւորումները վերաբերում են նախիջևանյան ճակատին։ Ադրբեջանական զինված ուժերը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, որին ի պատասխան Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատասխան կրակ են բացել եւ թույլ չեն տվել թշնամուն կատարել իր ծրագիրը: Հայկական կրակից ամբողջովին քանդվել է և այրվել թշնամու դիրքը։

Սա արդեն զինտեխնիկայի կուտակումներից եւ սեփական տարածքների վրա տեղաշարժեր կատարելու մարտավարությունից մի քայլ այն կողմ է։ Թվում է, որ ադրբեջանական այս «կառուցողականությունը» ոչ միայն համընթաց է այս օրերին կազմակերպվող ռուս-թուրքական միացյալ զորավարժություններին, այլ նախիջևանյան տիրույթը նկատի ունենալով համաձայնեցված նաև Անկարայի հետ։

Լելե Թեփեի այցելուներն ու ադրբեջանական կառուցողականությունից խոսողները, եթե պետական հաստատությունների ներկայացուցիչներ են, պիտի իմանային, որ ոչ միայն իրենց երկրի պաշտոնական դիրքերի նկատմամբ հակասական տարրեր պարունակող հայտարարությունները քաղաքականորեն կարող են ատեկվատ չընկալվել, այլ նկատի ունենային այն հանգամանքը, որ համանախագահող երկրները զգույշ են իրար հակասող հայտարարություններ չանելու և իրենց ընդհանուր կեցվածքներից շեղումներ չանելու։ Իհարկե առանց բացառելու դերերի բաշխումով խառը ուղերձներ փոխանցելու հնարավորությունը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս