Որ դեպքում է կասեցվում ՀԴՄ շահագործման կանոնները խախտած տնտեսվարողների գործունեությունը
Պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաև ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը: Հետևաբար, հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների կամ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը: Այդ ոլորտների շարքում են նաև հանրային սննդի օբյեկտները և ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը:
ՊԵԿ-ը վճռական է խնդիրը կարգավորելու հարցում, և այն հարկ վճարողներն, անկախ իրացման շրջանառությունների մեծ ու փոքր լինելուց և սեփականատերերի ով լինելուց, ովքեր չեն փոխում հարկային վարքագիծը և չեն գործում օրենսդրության շրջանակում, մշտապես գտնվելու են հարկային մարմնի թիրախային խմբերում և պարբերաբար իրականացվող վարչարարության ներքո:
Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ շահագործման կանոնների մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ դեպքին՝ գործունեության կասեցմանը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ հարկ վճարողը ինքնուրույն է որոշելու՝ փակել գործունեության օբյեկտը, թե վճարել սահմանված տուգանքը և շարունակել գործունեությունը:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին