ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ գործով նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ: Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, 2013-2017թթ. իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության ներկայացրած հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել էր, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:
Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվել են որոշ քննչական և դատավարական գործողություններ:
ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին