Բաժիններ՝

Եվրամիության գագաթնաժողովը համաձայնության հասավ միգրացիայի խնդրի շուրջ

Եվրամիության ղեկավարների կողմից հունիսի 28-ի գագաթնաժողովում հավանության արժանացած փաստաթուղթը նախատեսում է այն միջոցառումների ուժեղացում, որոնք նպատակամղված են Միության տարածք անօրինական միգրանտների մուտքի սահմանափակմանը, թրաֆիքի կազմակերպիչների դեմ պայքարին եւ Եվրոպայում միգրանտների համար վերահսկվող կենտրոնների ստեղծմանը: Փաստաթուղթը դարձել է ԵՄ-ի 28 երկրների ղեկավարների գրեթե 12 ժամ տեւած բանակցությունների առարկան:

«Եվրախորհուրդը լի վճռականությամբ շարունակելու եւ ամրապնդելու այդ քաղաքականությունը, որպեսզի կանխի վերադարձը 2015 թվականի չվերահսկվող հոսքերին»,- ասված է փաստաթղթում: ԵՄ-ն մտադիր է էլ ավելի ակտիվացնել մաքսանենգների գործողությունների կասեցմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, Լիբիայում: Միգրանտների թրաֆիքի դեմ պայքարելու համար առաջարկվում է երրորդ երկրների հետ համագործակցությամբ մշակել միգրանտների ափհանման տարածաշրջանային կենտրոնների ստեղծման հայեցակարգ:

ԵՄ-ի ղեկավարները հայտարարել են նաեւ անօրինական միգրանտների վերադարձն զգալիորեն ակտիվացնելու անհրաժեշտության մասին եւ համաձայնել են միջոցների երկրորդ մասնաբաժինը հատկացնել Թուրքիայում փախստականների համար ստեղծված հիմնադրամին, որի հետ 2016 թվականին ԵՄ-ն համաձայնեցրեց միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլանը:

Եվրախորհուրդն ընդունել է, որ ԵՄ-ի ներսում կրկնական միգրացիան ռիսկեր է ստեղծում «Շենգենի» կարգավորման համար եւ հորդորել է ԵՄ-ի երկրներին միջոցներ ձեռնարկել եվրոպական սահմանների ներսում միգրանտների նման տեղաշարժերին հակազդելու համար: ԵՄ-ի գագաթնաժողովը կոչ է արել կոնսենսուսի հասնել «Դուբլինի համակարգի» (կարգավորում է Եվրամիությունում ապաստանի տրամադրման ընթացակարգը) շուրջ, աշխատանքի ընթացքի վերաբերյալ զեկույցը պետք է ներկայացվի մինչեւ հոկտեմբեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս