Արյան վատ շրջանառության մասին վկայող նշաններ. ուշադիր եղեք
Արյան վատ շրջանառությունը կարող է առողջական տարբեր խնդիրների հետևանք լինել: Բարդանալու դեպքում արյան վատ շրջանառությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ պատճառով կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրը՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Fithacker.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք վկայում են արյան վատ շրջանառության մասին:
Վերջույթների թմրածություն: Արյան վատ շրջանառության դեպքում անհրաժեշտ քանակով արյուն չի հասնում օրգաններին և ուղեղին: Արդյունքում՝ վերջույթները հաճախ են թմրում:
Երակների վարիկոզ լայնացում: Երբ արյունը բավարար արագությամբ չի շարժվում, երակներում ճնշումը կարող է մեծանալ՝ երակներին ստիպելով մեծանալ, մգանալ:
Սառը վերջույթներ: Արյան շրջանառությունը կարևոր դեր ունի նաև մարմնի ջերմաստիճանի կարգավորման հարցում: Երբ բավարար քանակով արյուն չի հասնում ձեռքերին և ոտքերին, դրանք գրեթե միշտ սառն են լինում:
Ոտքերի այտուցվածություն: Արյան շրջանառության խնդիրները կարող են հանգեցնել ոտքերի հատվածում հեղուկի կուտակման: Այս խնդրի դեպքում կարող է օգնել ոտքերը որոշ ժամանակ վեր պահելը:
Դանդաղ ապաքինում: Արյան վատ շրջանառության դեպքում իմունային համակարգը չի կարողանում արդյունավետ աշխատել: Խնդրի առկայության դեպքում մարդը կարող է հաճախ հիվանդանալ, իսկ վնասվածքների ապաքինման համար երկար ժամանակ կպահանջվի:
Էրեկցիայի խանգարումներ: Արյան շրջանառության խանգարման դեպքում նկատվում են նաև էրեկցիայի խանգարումներ: Այս դեպքում ևս բժշկական միջամտություն է պահանջվում:
Մշտական հոգնածություն: Երբ ուղեղին անհրաժեշտ քանակով թթվածին չի հասնում, այն նորմալ չի կարողանում աշխատել: Մկանների աշխատանքը ևս դժվարանում է: Այս ամենը հանգեցնում է թուլության և հոգնածության մշտական զգացման:
Ճնշում կրծքավանդակում: Անհրաժեշտ քանակով թթվածնի բացակայության դեպքում տուժում է սրտի աշխատանքը: Դա կարող է հանգեցնել ցավի, ծանրության, ճնշման զգացման կրծքավանդակի հատվածում:
Մաշկի գունատություն: Եվս մեկ խնդիր, որի պատճառն արյան վատ շրջանառությունն է: Խնդիրը կարող է կարգավորվել սննդակարգ բավարար քանակով երկաթ ներառելու դեպքում:
Անբացատրելի մազաթափություն: Եթե առկա չեն այլ առողջական խնդիրներ, սակայն մազաթափությունը շարունակվում է, հարկավոր է ուշադրություն դարձնել արյան շրջանառությանը: Փորձեք գլխամաշկը մերսել ձիթապտղի յուղով: Դա կօգնի մեծացնել արյան հոսքը, ամրացնել մազարմատները:
Նյութը fithacker.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը