Արարատի մարզպետն անհրաժեշտություն է համարում ոռոգման ջրի արդարացի բաշխումը
Արարատի մարզի հերթական մարզխորհրդի՝ հունիսի 28-ի նիստը մարզպետ Գարիկ Սարգսյանը սկսեց նորանշանակ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին եւ Արարատի մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանին ներկայացնելով:
Նիստին ներկա մարզի 97 համայնքապետերին, մարզպետարանի աշխատողներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, մարզում առկա խնդիրների եւ լուծման եղանակների մասին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Նա իր խոսքում անդրադարձավ ապրիլի 5-ին տեղի ունեցած ցրտահարությանը, որը մարզի 44 հանամայնքներին հասցրել է 5-90 տոկոս վնաս, որից պտուղ՝ 692,5 հա, խաղող՝ 1560 հա, կարտոֆիլ՝ 171,3 հա, բնաջարանոցային կուլտուրա՝ 1,42 հա:
«Իսկ մայիսին տեղացած կարկուտը մարզի ինը համայնքներին՝ 240 հա-ի վրա, կրկին հասցրել է մեծ վնասներ: Եթե ցրտահարության դեպքում անզոր ենք, ապա կարկուտի դեպքում պետք է լինենք հետեւողական, որպեսզի վեգետացիայի ընթացքում չլինեն անսարք, չկրակող հակակարկտային կայաններ»,-ընդգծեց Տերտերյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մարզպետարան ուղարկված բոլոր ակտերը, որոնց վնասները 80 տոկոսից ավելի են հասցեագրված են համապատասխան կառույցներին: Քանի որ շուտով մարզում սկսվելու է գարու եւ ցորենի բերքահավաքը, Տերտերյանն իր խոսքում առաջարկեց մեկ անգամ եւս ստուգել հացահատիկահավաք կոմբայնների քանակը եւ անհրաժեշտության դեպքում հրավիրել նոր կոմբայններ:
Վարչության պետն ընդգծեց մարզում կատարված գյուղատնտեսական կենդանիների պատվաստման եւ կանխարգելման միջոցառումների մասին: Պետական պատվերով խոշոր եւ մանր եղջերավոր անասունների համար անցկացվել է տուբերկուլյոզի, սիբիրախտի, դաբաղի, բրուցելիոզի , եւ այլ հիվանդությունների պատվաստումներ: Նիստի ժամանակ գյուղապետերի մեջ լայն քննարկում ծավալվեց գյուղապետարաններում անասնաբույժի հաստիքի ավելացման հետ կապված: Այս առիթով հնչեցին հակասական տեսանկետներ:
Տերտերյանը նշեց, որ անհրաժեշտ է անասնաբույժի ներկայությունը, ով կկարողանա հսկողության տակ պահել իրավիճակը, անհրաժեշտության դեպքում արագ բուժօգնություն, պատվաստում իրականացնելու համար: Լայն քննարկում տեղի ունեցավ նաեւ կապված մարզում առկա ոռոգման ջրի պակասի հետ: Դիմելով ՋՕԸ-ի տնօրեններին՝ մարզպետ Սարգսյանը նշեց. «Անհրաժեշտ է, որպեսզի ոռոգման ջրի արդարացի բախշում լինի, որպեսզի դժգոհությունները հնարավորինս քիչ լինեն: Այս տարի էլ ջրի պաշարները սուղ են, իսկ պահանջարկը՝ շատ»:
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն առաջ քաշեց Զոդի Բանավան թաղամասում առկա խմելու ջրի բացակայության հարցը, որտեղ արդեն 11-րդ օրն է՝ բնակիչները չունեն խմելու ջուր: Մարզպետը նշեց, որ հարցն իսկապես օրակարգային է, եւ հանձնարարեց արագ իրականացնել քննարկումներ եւ խնդրին լուծում տալ:
Մարզի համայնքների այս տարվա նախորդ հինգ ամիսների բյուջեի կատարման մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Նա նշեց, որ սեփական եկամուտները բյուջեով նախատեսված 2 մլրդ 785 մլն դրամի դիմաց փաստացի մուտքագրվել է 863,5 մլն դրամ: Հողի հարկի գծով 100-ից ավելի տոկոս են ապահովել 14 համայնքներ, իսկ ցածր արդյունք՝ 40 համայնքներ: Հողի վարձավճարները տարեկան 188,3 մլն դրամի դիմաց մուտքագրվել է 52,5 մլն դրամ: Թերակատարվել է 76 համայնքում, ընդհանրապես գանձումներ չեն արձանագրվել տասը համայքներում: Եղիազարյանը դիմելով թերացած համայնքների գյուղապետերին կոչ արեց. «Կիսամյանի ամփոփմանը մի քանի օր ժամանակ է մնացել: Հորդորում եմ օր առաջ կատարել մուտքերը»:
2018 թվականի առաջին կիսամյակում մարզի համայքներում մարզպետարանի կողմից 14 համայքներում կատարված հսկողության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ Տի եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը: Նա մանրամասն անդրադարձավ ՏԻՄ, առեւտրի եւ ծառայությունների, պաշտպանության, հողաշինության եւ հողօգտագործման, քաղաքաշինության բնագավառներում հայտնաբերված խախտումներին, օրենքի շրջանցումներին, թերացումներին: Ելույթ ունեցան նաեւ Արարատի մարզի զինկոմ, գնդապետ Արայիկ Մուրադյանը, ԱԻՆ մարզային փրկարար ծառայության պետ Արման Ամիրջանյանը:
Լիլիթ Մաճկալյան