«Ես այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե որևէ քաղաքական նպատակներ չեն հետապնդվում, բայց…». Վարուժան Հոկտանյանը՝ կառավարության հակակոռուպցիոն քայլերի մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը գտնում է՝ ԱԱԾ վերջին բացահայտումները, ձերբակալությունները և հարուցված քրեական գործերը հակակոռուպցիոն ուղղվածություն ունեն։

168.am-ի հետ զրույցում Վ. Հոկտանյանը հիշեցրեց, որ ինքը ժամանակին ասել է, որ նման բացահայտումներ լինում են իշխանափոխությունից հետո. «Հիմա այսբերգի գագաթը սկսեց երևալ։ Ես, իհարկե, ակնկալում եմ նաև շարունակությունը և այսբերգի մնացած մասը տեսնել, ուրիշ հարց, որ, եթե այսբերգն իր ամբողջ փայլով հայտնվի, շատ լուրջ կատաստրոֆայի բերի։ Խնդիրն այն է, որ համակարգը չի կարողացել գոյատևել առանց կոռուպցիայի։ Երբ ինստիտուտները կայացած չեն լինում, դրանց գործառույթները կոռուպցիոն սխեմաներով են արվում, ու որպեսզի համակարգը վերջնականապես չքայքայվի, կոլապս չլինի, միգուցե պետք չէ՝ միանգամից այդ ամենը բացահայտվի»։

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք այս գործընթացում քաղաքական բաղադրիչ կա, Վ. Հոկտանյանն ասաց, որ գուցե քաղաքական նկատառումներ կան. «Բայց եկեք հասկանանք՝ ո՞րն է այստեղ կարևոր հասարակության համար՝ այդ քաղաքական նկատառումնե՞րը, թե՞ այդ կեղտից երկիրը մաքրելը։ Բնական է, որ դա կա, ու ես այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե որևէ քաղաքական նպատակներ չեն հետապնդվում, բնականաբար, հետապնդվում են։ Հետագայում կտեսնենք՝ արդեն ինչքանո՞վ, բացի քաղաքականից՝ կլինի նաև հիմնական պայքարը։ Այսինքն՝ այն, ինչ հիմա արվում է, դա շատ փոքր մասն է, որ պետք է արվեր, բայց եկեք հաշվի առնենք, որ կան որոշակի սահմանափակումներ։ Հիշենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց, նա միանգամից չընտրվեց, նրա քաղաքական ուժը խորհրդարանում փոքրամասնություն է, այսինքն՝ կան բաներ, որ նա ստիպված պետք է հաշվի առնի, ու դա է պատճառը, որ նա խոսում է արտահերթ ընտրությունների մասին»։

Վ. Հոկտանյանի խոսքով, ի վերջո, այդ կեղտից պետք է մաքրվի երկիրը, թեկուզ դա բերում է որոշակի քաղաքական ուժերի թուլացման. «Բայց դա պետք է արվի, որովհետև դա անհրաժեշտություն է։ Ավելի կարևոր հարց է, որ հետագայում՝ ինչպես շատ երկրների, նաև՝ Հայաստանի 1990-ականների սկզբի փորձն է ցույց տվել, որ տեղի չունենա իշխանությունների այլասերում։ Բոլորը չէ, որ հեղափոխության արդյունքում հայտնվել են իշխանության մեջ, բոլորը սրբեր են, ու չի բացառվում, որ նրանց մեջ լինեն պատեհապաշտներ, որոնք կփորձեն առիթն օգտագործել, որ եկան նոր ուժեր, այդ նույն ուժերին կպնեն ու փորձեն իրենց նպատակներին հասնել։ Երբ քո ձեռքին իշխանություն կա, շատ հաճախ դու մոռանում ես, որ պետք է ծառայես ժողովրդին, ոչ թե՝ քո գրպանին, քո փողին»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հիմա համակարգային պայքար է գնում կոռուպցիայի դեմ՝ Վ. Հոկտանյանն ասաց, որ համակարգային պայքար հիմա չի գնում, բայց դրանից պետք չէ մեծ ողբերգություն սարքել այս փուլում. «Համակարգային պայքարը կնշանակի՝ նաև հակակոռուպցիոն քաղաքականության և՛ ինստիտուցիոնալ նոր բազայի ստեղծում, և՛ նոր օրենսդրական դաշտի ստեղծում, և՛ շատ այլ բաներ, որոնք, բնականաբար, պետք է պահանջեն և օրենսդիր իշխանությունում ունենան մեծամասնություն կամ համախոհների կոալիցիա, որը կկարողանա համապատասխան օրենքներ ընդունել, որ այս բարեփոխումները լինեն։ Համակարգային պայքարից մենք հեռու ենք, բայց դա ողբերգություն չէ այս փուլում։ Երևի ավելի օպերատիվ կառավարման մակարդակով որոշակի առավել ծանր դեպքերի չեզոքացում է»։

Տեսանյութեր

Լրահոս