ՀՀԿ-ն Աշոտ Արսենյանի կուսակցությունը լքելու մասին դիմում դեռ չի ստացել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատգամավոր Աշոտ Արսենյանից կուսակցությունը լքելու մասին դիմում դեռ չի ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Ես էլ եմ այդ լուրերի մասին տեղեկացել մամուլից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.

«Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որպեսզի չխոչընդոտեն հանքի աշխատանքներին։

Ինչպես տեղյակ եք, արդեն վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հանքի շուրջ ստեղծված հարցի լուծման համար։ Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները որեւէ կերպ չեն համաձայնել առաջարկվող պահաջներին։ Ես կարծում եմ, որ երկկողմանի բանակցություններին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ և ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Ուստի, որպեսզի այս հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության և խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել»:

Տեսանյութեր

Լրահոս