Բաժիններ՝

«Գազալցակայաններում իրականացվող ապօրինությունների մասին». Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ստացել է ՏՄՊՊՀ  նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում ել, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը: Այն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան: Այս մասին Մարուքյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Վերջին շրջանում ինձ ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված՝ ամսվա սկզբին դիմել էի ՏՄՊՊՀ, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։

Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։

Իմ կողմից առաջարկվել էր իրականացնել հեղուկ գազի շուկայում գների ավելացման ուսումնասիրություն և չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրավախախտ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կարգավորելով շուկայում գնային անհիմն տատանումները։

Այսօր ստացել եմ հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում է, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք և հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, ևս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:
Մանրամասները՝ կից ներկայացված փաստաթղթում։

Ես շարունակելու եմ հետևողական կերպով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը բոլոր ատյաններում։ Սպասենք հետագա արդյունքներին»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս