Բաժիններ՝

«ԵՄ-ն առավելագույն ջանքեր կներդնի Իրան գործարար շահերը պաշտպանելու համար». Մոգերինի

ԵՄ-ն միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առավելագույն ջանքեր կներդնի իրանական գործարար շրջանների շահերը պաշտպանելու համար: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ընթերցել է ՄԱԿ-ին առընթեր ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ժուան Վալի դի Ալմեյդան:

«Մենք հասկանում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը համաձայնագրի անքակտելի մասն է,- նշվում է հայտարարության մեջ:- ԵՄ-ն կշարունակի առավելագույն ջանքեր ներդնել առեւտրական ու ֆինանսական հոսքերի պահպանման, իրանական գործարար շրջանների շահերը պաշտպանելու համար»: «Համաձայնագրի անդամ երկրները եւ Իրանի բոլոր գործընկերները պետք էգործեն միայն առեւտրի պաշտոնական ուղիներով,- նշել է Մոգերինին:- Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ Իրանի հետ առեւտուրը շարունակվի»:

ԱԽ-ին հասցեագրված ուղերձում Մոգերինին ընդգծել է, որ իրանական գործարքի չեղարկումը «խիստ բացասական հետեւանքներ կունենա Իրանի եւ ԳՀՀԾ-ի գծով մնացած բոլոր գործընկերների համար, ինչպես նաեւ վատ կանդրադառնա միջազգային հանրակցության վրա»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս