Բաժիններ՝

Արքայազն Չառլզը ասպետի կոչում է շնորհել Bee Gees խմբի վոկալիստ Բարրի Գիբին

Bee Gees խմբի վոկալիստ եւ ղեկավար Բարրի Գիբը, որին հունիսի 26-ին Պատվո շքանշանի ասպետի կոչում է շնորհվել երաժշտության բնագավառում ձեռքբերումների եւ բարեսիրական գործունեության համար, պարգեւը նվիրել է խմբի համահիմնադիրներին՝ իր երբայրներին՝ Մորիսին եւ Ռոբինին, որոնք չապրեցին մինչեւ այդ պահը:

Ինչպես հայտնում է Press Association գործակալությունը, հանդիսավոր արարողությունը կայացել է Բուքինգհեմյան պալատում. Գիբին պարգեւը հանձնել է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չառլզը։ «Եթե իմ եղբայրները չլինեին, ես այստեղ չէի լինի»,-գործակալությունը մեջբերում է 71-ամյա երաժիշտի խոսքը, որն իրավունք է ստացել կոչվել սըր Բարրի:

Bee Gees տրիոյի կազմում եղել են Բարրին ինքը եւ երկվորյակներ Ռոմին (երկրորդ լիդեր-վոկալիստը) ու Մորիսը (ստեղնավոր գործիքներ-կիթառահար), որոնք ծնվել են 1949 թվականի դեկտեմբերին՝ 35 րոպեի տարբերությամբ: Մորիսը մահացել է 2003 թվականին վիրահատությունից հետո առաջացած բարդացումների պատճառով, իսկ Ռոբին՝ 2012 թվականին՝ քաղցկեղից:

Այն, որ Գիբն արժանացել է ասպետի կոչման, հայտնի է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Բրիտանացիների ամանորյա ավանդական ցուցակում, որոնց Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին բարձր տիտղոսներ ու կոչումներ Է շնորհել անցած 12 ամսվա արդյունքներով, նաեւ տեղ են գտել The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը, Մեծ Բրիտանիայի վարչապետի նախկին տեղակալ եւ «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Նիք Քլեգը եւ գրող, բանաստեղծ, դրամատուրգ ու լիբրետոների հեղինակ Մայքլ Մորփուրգոն: Բրիտանական կայսրության շքանշանի ասպետներ են նաեւ դարձել գրող Ջիլի Քուփերը, շեֆ-խոհարար, ռեստորանատեր եւ հեռուստահաղորդավար Ռիք Սթեյնը, ինչպես նաեւ բազմաթիվ գիտնականներ, ձեռնարկատերեր, արվեստի գործիչներ եւ մարզիկներ:

Ընդհանուր առմամբ ամանորյա ցուցակում տիտղոսներ, կոչումների եւ պարգեւների են արժանացել 1123 բրիտանացիներ: Bee Gees խմբի փառքի եւ ժողովրդականության գագաթնակետը դարձան 1970-ական թվականները, երբ խումբը ձայնագրեց «Շաբաթ օրվա երեկոյի տենդը» (1977 թ.) ֆիլմի սաունդրեքը: Այդ ալբոմից երգերը երկար ժամանակ հաստատվել Էին համաշխարհային հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում՝ դառնալով «դիսկո» դարաշրջանի մարմնավորումը: Ընդամենն աշխարհում վաճառվել է Bee Gees-ի 200 միլիոնից ավելի ալբոմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս