Sevan Startup Summit-2018-ի 50.000 դոլար մրցանակային ֆոնդին է ավելացել ևս 100.000 դոլար ներդրումային ֆոնդ
Հուլիսի 22-29-ը Սևանի ափին կկայանա հերթական Sevan Startup Summit-ը: Այս տարի սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Սամմիթի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աքսելերացիոն ծրագիր՝ 100 հազար դոլար ներդրումային ֆոնդով:
Սամմիթի անցկացման օրերին Սևանում կլինեն բիզնես-փորձագետներ ամբողջ աշխարհից: Նրանք կկիսվեն իրենց փորձով ինտերակտիվ սեմինարների ընթացքում: Փորձագետները կխոսեն տարբեր թեմաներով, գաղափարների մշակումից՝ մինչև վաճառքներ:
Հաջողակ ձեռնարկատերերը կմիանան մասնակիցներին CampFire Talks-ի շրջանակներում: Նրանք կպատմեն իրենց հաջողության և ձախողումների պատմությունները, կպատասխանեն մասնակիցների հարցերին:
Տարբեր երկրներից հրավիրված մենթորները կծանոթանան մասնակիցների ստարտափների հետ և կօգնեն նրանց լինել ավելի մրցակցային բաթլների շրջանակում:
Հրեշտակ-ներդրողներն ու Վենչուրային կապիտալները պարբերաբար կայցելեն սամմիթ և կհետևեն խոստումնալից ստարտափներին: Նրանք ներկա կլինեն նաև բաթլների ժամանակ:
Սամմիթի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն օգնում է ստարտափներին՝ գտնել միջոցներ:
Սամմիթի կազմակերպիչները նշում են, որ իրենք անցկացնում են սամմիթները ծովային շրջաններում, որպեսզի ստեղծվի ոչ ֆորմալ մթնոլորտ: Հիշեցնենք, որ սամմիթներն ընդլայնել են իրենց շրջանակը՝ անցկացվելով նաև Ալ-Մարջան կղզում, Ռաս Ալ-Խայմայում և Գոայում:
Sevan Startup Summit-ի գլխավոր հովանավորը Beeline ընկերությունն է: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշում է, որ իրենք համաժողովը դիտարկում են՝ որպես Հայաստանում սկսնակ ստարտափներին շոշափելի աջակցություն տրամադրելու հիանալի հնարավորություն:
«Հուսով եմ՝ յուրաքանչյուր ստարտափ, ներդրող և առհասարակ մասնակից կիրականացնի այն բոլոր նպատակները, որոնց համար գալիս է «Սևան Ստարտափ Սամմիթին»,- նշում է Անդրեյ Պյատախինը:
168.am-ի հետ զրույցում Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշում է, որ իրենց թիմն ինտենսիվորեն աշխատում է, որ Սամմիթ 2018-ը բացառիկ հնարավորություններ բացի հայկական ստարտափների համար:
«Որպես գալա միջոցառում՝ սամմիթը կհյուրընկալի մասնակիցներ աշխարհի 35 երկրներից: Թիմերից լավագույնները հնարավորություն կունենան սամմիթի ընթացքում ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր անցնել, 2-3 թիմ կստանան ներդրումներ հենց սամմիթի կողմից: Այս տարի բացի $ 50.000մրցանակային ֆոնդից՝ ավելացրել ենք նաև 100.000 ներդրումային ֆոնդ»,- նշում է Վահագն Ռափյանը:
Այս տարի Սևան կայցելի սամմիթի համահիմնադիրներից մեկը՝ Արթուր Ջանիբեկյանը: Կազմակերպիչները նշում են, որ Արթուր Ջանիբեկյանն անգնահատելի ավանդ է ունեցել սամմիթի կայացման և հատկապես՝ միջազգայնացման գործընթացներում: Մասնակից ստարտափները հնարավորություն կունենան իրենց պրոյեկտները ներկայացնել Արթուր Ջանիբեկյանին:
Սիրարփի Աղաբաբյան