«Կաշառակերության դեմ ոչ մի երկիր չի կարողացել պայքարել, ինչքան էլ ուզում է՝ Փաշինյան գա». Սոցիոլոգ

«Կաշառակերության դեմ պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե՝ կարկառուն դեմքերի գլխատումով, դրանով խնդիր չի լուծվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին աղմկահարույց ձերբակալությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ նրա՝ դա պետք է լիներ համապարփակ մի համակարգ, որը կաշառակերությունը՝ որպես համակարգային հիվանդություն, կբուժեր. «Կաշառակերությունը ցույց է տալիս կառավարման համակարգի թույլ կողմերը։ Եթե կաշառակերությունն իսպառ հանենք, կառավարման համակարգը ճահճանալու է, չեն երևալու դրա թույլ կողմերը»։

Սոցիոլոգը գտնում է՝ վերջին ձերբակալությունները երկու նշանակություն կարող են ունենալ. «Վախկոտները կվախենան, չեն վերցնի, մի քիչ դուխով տղերքը կգտնեն նոր ճանապարհներ, որովհետև դրա դեմ ոչ մի երկիր չի կարողացել պայքարել, ինչքան էլ ուզում է՝ Փաշինյան գա, տենց չի լինում, որովհետև դա համակարգային աղետ է, որը համակարգային լուծում է պահանջում, այլ ոչ թե՝ մի քանի պարագլուխներին վերցնեն, գլխատեն, ասեն՝ եթե դու դառնաս սրա նման, մենք քո գլուխը կկտրենք։ Չի դառնա դրա նման, կդառնա մի աստիճան ցածր, բայց երևույթը մնում է նույնը, այսինքն՝ վախկոտը կվախենա, չի վերցնի, իսկ նա, ով մի քիչ կամային է, իրեն լավ է զգում, կգտնի նոր ճանապարհներ»։

Նա ասաց, որ ինքը երկու վարչապետի խորհրդական է եղել կադրերի նշանակման գծով. «Եթե կադրը չի համապատասխանել, չեմ գրել, որ նա կարող է այդ պաշտոնը զբաղեցնի։ Բագրատյանը եկավ, ասաց՝ «չհասկացա, ե՞ս եմ նշանակում, թե՞ դու», ասացի՝ «դու՝ իմ միջոցով»։ Ասաց՝ «դու ինձ պետք չես», թողեցի-գնացի։ Բագրատյանից սկսած՝ բոլորը պաշտոնի նշանակում են աչքաչափով, այլ ոչ թե՝ հստակ չափանիշերով, որը պետք է ինչ-որ մեկն առաջարկի։ Գեղարվեստական ինքնագործունեության է նման»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս