«Հրապարակի» մերժման գործընթացը սկսել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ անդամները. «Հայկական ժամանակ»

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշեց՝ կարծում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հրապարակի» մերժման գործընթացը սկսել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդ անդամները։

«Ինձ այդքան չի անհանգստացնում հասարակության արձագանքը, որքան նոր իշխանությունների պահվածքը՝ մամուլի հետ կապված։ Մենք մի քանի անգամ փորձեցինք իրենց ուշադրությունը սեւեռել այդ խնդրի վրա, որ լրագրողների համար մայիսի 8-ից հետո շատ բարդացել է աշխատանքը։ Մենք ամենօրյա ճնշումներ ենք զգում մեզ վրա»,- ասաց Արմինե Օհանյանը։

Նրան անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ վարչապետի եւ նրա տեղակալների մակարդակով խնդրին ուշադրություն չի դարձվում։

«Ես անգամ արտերկրից եմ նամակներ ստանում։ Ասում են՝ ինչպես օգնենք, որ խոսքի ազատությունը Հայաստանում չսահմանափակվի, իսկ մեր իշխանավորները չեն լսում, թե ինչ է կատարվում։ Եթե մի քիչ ավելի հեռուն գնանք, գուցե լավ էլ տեսնում են, լսում են եւ գոհ են այդ վիճակից, գուցե ինչ-որ ձեւով ուղղորդում են այդ պրոցեսները»,- ասաց «Հրապարակի» գլխավոր խմբագիրը։

«ՀԺ»-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են սպառնալիքների հետ կապված իրավապահ մարմիններին դիմել, Արմինե Օհանյանն ասաց.

«Ես որպես կանոն իրավապահներին չեմ դիմում։ Մեր գործն անում ենք, անկախ նրանից, թե ով ինչպես է արձագանքում։ Նյարդերի պատերազմ է գնում, բայց մենք սովոր ենք»։ Օհանյանն ավելացրեց, որ ընթերցողների նվազում չեն գրանցել, այս ընթացքում էլ կրկնապատկվել են։

Խնդրով մտահոգված է նաեւ «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Առաջիկայում խմբագիրների հավաք է լինելու։ Սեյրանյանը եւս կարծում է, որ «Հրապարակի» դեմ ակցիան նախաձեռնել է ՔՊ-ականներից մեկը։ Նա նաեւ ասում էր, որ այլ ԶԼՄ-ների ղեկավարներ էլ են իրեն դիմել այս խնդրով, սակայն այս փուլում անուններ տալ չի ցանկանում։ «Խմբագիրների հետ կհանդիպենք, կհասկանանք, թե ինչ քայլ ենք ձեռնարկելու այս ամեն ինչի դեմ։ Սա բոլորիս անհանգստացնող փաստ է: Հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ տարբեր կերպ է ընկալվում, բայց նման դրսեւորում չի եղել մամուլի նկատմամբ»։

Սաթիկ Սեյրանյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ որպես «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւս զգում է հասարակության ճնշումներ, որոնք կաշկանդող են։ «Նրանք չեն հասկանում, որ այդ կերպ վնասում են նաեւ նոր իշխանություններին»։ Սեյրանյանի համար մինչեւ այս անհասկանալի է մնացել նաեւ այն, թե ու՞մ էր ուղղված վարչապետի «հակապետական» հրապարակումների մասին գրառումը։

Ժուռնալիստների միության նախագահն ասում է, որ եթե դա չի մասնավորեցվում, ապա բոլորն են ի գիտություն ընդունում։ Նա միեւնույն ժամանակ չի բացառում, որ վարչապետի այդ գրառումը ինչ-որ չափով նաեւ ոգեւորել է լրատվամիջոցների վրա «հարձակվողներին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս