Իսպանիա-Մարոկկո. խաղից առաջ
Իսպանիան, ամենայն հավանականությամբ, կանի ամեն ինչ խմբում առաջին տեղը գրավելու համար: Դրա համար պետք է հաղթել մարոկկացիներին: Ի՞նչ սպասել այս հանդիպումից:
Իսպանիա
Իսպանիայի ազգային հավաքականը դեռևս չի ցուցադրում այն խաղը, որ սպասում են երկրպագուները: Առաջին խաղում իսպանացիները չկարողացան հաղթել պորտուգալացիներին: Պատճառը ոչ միայն անկասելի Կրիշտիանու Ռոնալդուն էր, այլև կարմիր ֆուրիայի ոչ վստահ խաղը: Իրանի հետ խաղում Ֆերնանդո Իերոյի սաները շատ զգույշ էին խաղում, բայց պաշտպանությունում խնդիրները կրկին առկա էին:
Առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար Իսպանիան այսօր պետք է հաղթի: Հավաքականը գրեթե ապահովել է իր տեղը հաջորդ փուլում, սակայն իսպանացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն կարևորել է առաջին հորիզոնական զբաղեցնելը:
Մարոկկո
Մարոկկոն միավոր չունի այս խմբում, բայց սարսափելի ֆուտբոլ չի ցուցադրում: Իրանի հետ խաղում մարոկկացիներն ունեին շատ պահեր, սակայն չօգտագործեցին դրանք: Ավելին, փոխարինման դուրս եկած Ազիզ Բուխադուզը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Պորտուգալիայի հետ խաղում Մարոկկոյի հավաքականը դուրս էր եկել դաշտ՝ որպես երկրորդ համարով խաղացող թիմ: Խաղը սկսվեց Կրիշտիանու Ռոնալդուի գոլով, սակայն մարոկկացիները խաղի թելն իրենց ձեռքը վերցրին և մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը նախաձեռնությունը չհանձնեցին մրցակցին: Թվում էր, որ, եթե լիներ ևս մի քանի րոպե, մարոկկացիներն անպայման գոլի հեղինակ կդառնային:
Իսպանիայի հետ խաղում Մարոկկոյի հավաքականը պետք է ապացուցի, որ անիմաստ չի մեկնել Աշխարհի առաջնությանը, չնայած հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն արդեն չկա:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Թիմերը երկու անգամ հանդիպել են Աշխարհի 1996 թվականի առաջնության ժամանակ: Երկու խաղում էլ հաղթել է Իսպանիան:
- Իսպանիայի հավաքականը Եվրո-2016-ից հետո դեռևս պարտություն չի կրել:
- Մարոկկոն այս առաջնությունում ոչ մի գոլ չի խփել:
Կանխատեսում
Իսպանիայի հավաքականն ունի ակնհայտ առավելություն: Իսպանացիները ցանկանում են գրավել առաջին տեղը, որպեսզի շրջանցեն իրենց սկզբունքային մրցակից Պորտուգալիայի հավաքականին: Եթե իսպանացիներն իրականացնեն իրենց բոլոր մտադրությունները, ապա Մարոկկոն միավոր վաստակելու հնարավորություն չի ունենա:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:50-ին:
Սիրարփի Աղաբաբյան