
Կին վարորդները մինչև 2030 թվականն 90 մլրդ դոլարի օգուտ կբերեն Սաուդյան Արաբիայի տնտեսությանը

Կանանց կողմից ավտոմոբիլի վարման արգելքի վերացման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի կառավարության որոշումը դրականորեն կանդրադառնա տնտեսական զարգացման տեմպերի վրա՝ մինչեւ 2030 թվականը երկրի համախառն ներքին արդյունքին ավելացնելով ընդհանուր առմամբ 90 միլիարդ դոլար:
Այդ մասին գրել է Bloomberg գործակալությունը: Գործակալության փորձագետների գնահատումներով՝ այդ որոշման տնտեսական օգուտը զուգադրելի է Saudi Aramco նավթի պետական կորպորացիայի IPO-ի ակնկալվող շահույթի հետ, որը կարող է մինչեւ 100 միլիարդ դոլար կազմել ամենալավատեսական կանխատեսումներով:
Կանանց համար վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում գործնականում գործել է, չնայած այն բանին, որ ոչ մի ձեւով ամրագրված չէր տեղական օրենքներում: Դրա վերացման մասին որոշումն ընդունվել է 2017 թվականի սեպտեմբերին, սակայն ուժի մեջ է մտել սոսկ ընթացիկ տարվա հունիսի 24-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: