Չաշխատող վարկերի կշիռը ապրիլին կտրուկ աճել է
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների կշիռը այս տարվա ապրիլին կտրուկ աճել է։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2018 թվականի ապրիլ ամսվա տեղեկագրի տվյալները։
Այսպես, եթե մարտի վերջի դրությամբ չաշխատող ակտիվների կշիռը 5.02% էր, ապրիլի վերջին այդ ցուցանիշը հասել է 6.3%-ի։ Մեկ ամսվա ընթացքում չաշխատող ակտիվների կշռի ավելացումը 1.3 տոկոսային կետով (կամ 0.26%-ով) լուրջ տեղաշարժ է և խոսում է վարկառուների պարտաճանաչության կամ անվճարունակության մակարդակի անկման մասին։
Ըստ ոլորտների, չաշխատող վարկերի ամենազգալի աճը գրանցվել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում՝ 0.35%-ից հասնելով 0.98%-ի:
Չաշխատող ակտիվների գծով ամենամեծ կշիռն ունեն սպառողական վարկերը՝ 1.2%: Տեղեկատվության և կապի ոլորտում, ըստ ԿԲ տվյալների, չաշխատող ակտիվներ չկան։
Նշենք նաև, որ ընդհանուր 6.3% չաշխատող ակտիվներից 5.99%-ը ռեզիդենտների չաշխատող ակտիվներն են, 0.31%-ը՝ ոչ ռեզիդենտների։