Քննարկվում է բնական աղետներից տուժած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը. ԱՀ պետական նախարար
Հունիսի 23-ի դրությամբ արդեն հնձվել են 19 հազար 623 հա գարու դաշտեր (ցանված՝ 36 հազար 576 հա) որոնց միջին բերքատվությունը կազմել է 18.3 ցենտներ և 2008 հա ցորենի դաշտեր (ցանված՝ 38 հազար 989 հա)՝ 24.4 ցենտներ միջին բերքատվությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ Արցախում ինտենսիվ կերպով ընթանում են ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներ։
««Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի»՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Խանապատի (Ասկերանի շրջան), Շուշիի, Մարտակերտի, ինչպես նաև Երևանի պահեստներում ամենօրյա ռեժիմով առանց խոչընդոտների իրականացվում է բերքի ընդունումը։ Դաշտերում գյուղտեխնիկայի խնդիր չկա, իսկ հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով շուրջօրյա ռեժիմով աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ հենակետերը։ Հավաստիացնում եմ, որ բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար կառավարության կողմից իրականացվել են համապատասխան բոլոր աշխատանքները»,- գրել է պետական նախարարը՝ տեղեկացնելով, որ ցավոք սրտի, վերջին օրերի կարկտահարությունից, սելավներից և քամիներից ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 9000 հա ցանքատարածություն։
Ներկայումս կառավարությունում ակտիվ քննարկվում է տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը։