Խաչիկ Ասրյանը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի և ՀՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին
Խաչիկ Ասրյանի նորաստեղծ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի բացառում համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ։ Այսօր կուսակցության համագումարից հետո պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, Խ. Ասրյանն ասաց, որ որևէ բան չի բացառվում։
«Այս պահին ոչինչ չենք կարող ասել ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ համագործակցության, այլև՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված։ Առաջիկայում կորոշենք՝ ում հետ ենք համագործակցելու»,- նշեց Խ. Ասրյանը։
Նա ասաց, որ իրենք չեն բացառում որևէ մեկի հետ համագործակցելը, բայց դա պետք է նպատակ ունենա, համագործակցությունը պետք է գաղափարական լինի։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ձեր ստացած ձայները փոխանցեք ՀՀԿ-ին, Խ. Ասրյանն այսպես պատասխանեց. «Մեզ վստահված ձայների պատասխանատուն բացառապես մենք ենք լինելու, բացառվում է՝ մեզ վստահված քվեները մենք հենց այնպես ինչ-որ մեկին շնորհենք, նվիրենք, և այլն։ Այդ ձայները որոշ տոկոս չեն լինելու, մենք մտնում ենք քաղաքականության մեջ բացառապես հաղթելու համար»։