Բաժիններ՝

Գերմանիա-Շվեդիա. Գերմանիան կփորձի չկրկնել Արգենտինայի սխալները

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը պարտվեց խմբային փուլի առաջին խաղում: Սա անսպասելի էր, քանի որ գերմանացիները ֆավորիտների եռյակում են: Կկարողանա՞ գերմանական մեքենան հաղթահարել Շվեդիայի արգելքը, թե՞ կշարունակի մյուս ֆավորիտի՝ Արգենտինայի ավանդույթները:

Գերմանիա

Գերմանիայի հավաքականին առաջին խաղում պարտվեց  շատ արագ և գերմոտիվացված Մեքսիկայի հավաքականին: Գերմանացիներն ամբողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսում գերմանացիները գործում էին ոչ կենտրոնացած, ինչից շատ լավ օգտվեց մրցակիցը:

«Մեր գլխավոր զենքը մեր էներգետիկան է: Մեքսիկայի հետ խաղում մենք այլ էինք, մենք այն Գերմանիան չէինք, որին ճանաչում էին բոլորը: Մենք ավելի քիչ ինքնավստահ էինք, քան սովորաբար: Ոչ բոլոր ֆավորիտներն են բարձր մակարդակում: Դա ցույց տվեց Աշխարհի առաջնության ընթացքը:

Կարդացեք նաև

Առաջին կեսում մենք վատ խաղացինք, պետք է ընդունենք: Մենք վատ խաղացինք բաց գոտիներում, շատ գնդակ կորցրինք: Այսպիսով, մենք ստիպված էինք ավելի շատ վազել, քան մրցակիցը: Երկրորդ կեսին Մեքսիկան շատ խորը պաշտպանեց, բայց մենք ավելի շատ պահեր ունեինք: Հաճախ մենք շտապ որոշումներ էինք կայացնում»,- Մեքսիկային պարտվելուց հետո նշել էր գերմանացիների գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը:

Շվեդիա

Շվեդիայի ազգային հավաքականը մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ հաղթել Հարավային Կորեային: Շվեդ ֆուտբոլիստները շատ դժվարությամբ էին գտնում ազատ տարածություն կորեացիների խիտ դասավորվածության պայմաններում: Արդյունքում՝ առաջին խաղակեսում չստեղծվեց ոչ մի վտանգավոր պահ: Ամեն ինչ տանում էր նրան, որ կգրանցվի ոչ-ոքի, սակայն մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված, որը հաղթանակ բերեց Շվեդիայի հավաքականին:

Առաջին խաղից հետո շվեդ լրագրողները մեղադրեցին թիմին ստեղծարարության պակասի մեջ, ինչին ի պատասխան՝ շվեդ ֆուտբոլիստները նշեցին, որ կարևոր է ոչ թե՝ ստեղծարարությունը, այլ՝ 3 միավորը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

Վերջին անգամ թիմերը հանդիպել են Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլում: Այդ խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց 5:3 հաշվով:

Վերջին 5 խաղերում գերմանացիները Շվեդիայի դարպասն են ուղարկել 14 գոլ:

Գերմանիայի հավաքականը պարտությունից հետո ամեն ինչ անելու է իր դիրքերը վերականգնելու համար: Դրա համար գերմանացիներն ունեն ամեն ինչ՝ բարձր մակարդակ, փորձ, ինդիվիդուալներ: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ գերմանացիները սիրում են գրավել շվեդների դարպասը:

Շվեդիան հաղթեց առաջին խաղում, բայց թույլ տեսք ուներ: Այս խաղում շվեդ ֆուտբոլիստներն անելու են ամեն ինչ՝ միանգամից  փլեյ-օֆֆ դուրս գալու կամ Գերմանիայից միավորներ խլելու համար:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Շվեդիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:50-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս