Արմեն Սարգսյանը ծննդյան 65-ամյակը կտոնի ընտանեկան միջավայրում
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը: Նա պատրաստվում է տարեդարձը նշել ընտանեկան միջավայրում:
«Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տոնը կնշի ընտանիքի, բարեկամների հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում: 1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1976-1990 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը: 1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում: 1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը: 1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը: 1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: 1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու եւ այլն: 2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: 2008թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: 1997թ. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։