10 ոչ ակնհայտ նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ հոգեթերապևտին դիմելու ժամանակն է
Հոգեթերապևտն այն բժիշկն է, որին ժողովուրդը որոշակի անվստահությամբ է վերաբերվում՝ նրան իր տեսակի մեջ վերացական բժիշկ համարելով, և այդ պատճառով էլ նրան դիմում են ծայրահեղ դեպքերում: Իրականում նրա աշխատանքը քիչ է տարբերվում սովորական բժշկի աշխատանքից: Նրան այցելում են որոշակի խնդրի առկայության դեպքում, նա արմատախիլ է անում այդ խնդիրը՝ էականորեն բարելավելով այցելուի կյանքի որակը:
Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ պետք է դիմել հոգեթերապևտին:
Փորձենք դիտարկել այն ոչ ակնհայտ նշանները, որոնք կարող են խոսել նման բնույթի խնդրի առկայության մասին:
Ինձ մոտ կարծես թե ամեն ինչ լավ է, միայն թե, չգիտես ինչու, առավոտյան արթնանալով՝ ուզում եմ կախվել:
Երբեմն այնպիսի վիճակում ես գտնվում, ասես հիշողությունիցդ ջնջել են ինչ-որ տխուր իրադարձություն, իսկ դրա հետ կապված զգացմունքների մասին մոռացել են: Արդյունքում՝ դուք մնացել եք լավ հիշողությունների հետ, սակայն կատարյալ անհեթեթ ու ձանձրալի վիճակում, նյարդային եք ու անհասկանալիորեն ճնշված: Սակայն չէ՞ որ զգացմունքները երբեք չեն խաբում: Եթե արդեն բավականին ժամանակ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է, ուրեմն դա ձեզ չի թվում, այդպես էլ կա: Գլխավոր հարցերն այս պարագայում հետևյալն են՝ ինչո՞ւ և որտեղի՞ց հայտնվեց այդ ծանր զգացողությունը:
Հոգեթերապևտն անպայման կպարզի, թե որն է խնդիրը: Պատճառները տարբեր կարող են լինել. աննկատ սկսված դեպրեսիայից՝ մինչև լուրջ հիվանդությունների նշաններ: Իսկ շատ հնարավոր է, որ նյարդային, գրգռված վիճակը ձեր դեպքում հանդիսանում է լրիվ առողջ արձագանք, պարզապես դուք ինքներդ մինչև վերջ չեք գիտակցում ձեր շուրջը եղած իրական վիճակը:
Ինձ թվում է՝ ես նրանով չեմ զբաղվում, ինչով պիտի զբաղվեմ: Եվ ընդհանրապես, ապրում եմ ոչ իմ կյանքը:
Ձեր երկրորդ կեսը ձեր երկրորդ կեսը չէ, դուք սխալ մասնագիտություն եք ստացել, և հավանաբար ձեր պոտենցիալը լրիվ ուրիշ ոլորտում կարող էր բացահայտվել, իսկ այս գորշ, ճնշող քաղաքը բացարձակ հարմարավետ չէ ձեզ համար:
Այս բոլորն ավելի շուտ նման է ձեր իրական կյանքի անհաջող այլընտրանքային տարբերակի:
Այս ամենը նույնպես հենց այնպես տեղի չի ունենում: Ամենահավանական պատճառը ձեր դաստիարակության ու հույսերի մեջ է, որոնք ձեզ վրա են դրված ձեր ծնողների կողմից: Բայց ավելի ճշգրիտ դրա բացատրությունը կտա բժիշկը:
Ինձ թվում է, որ ես փակ շրջանի մեջ եմ ու ամեն անգամ նույն սխալներն եմ գործում:
Ձեզ պարբերաբար հոգնեցնում են ձեր իսկ ընկերները, դուք չեք կարողանում երկար աշխատել միևնույն վայրում, ղեկավարության հետ միշտ նույն խնդիրներն եք ունենում, գործընկերների հետ՝ նույնպես, ռոմանտիկ հարաբերություններն ամեն անգամ ընթանում են միևնույն ողբերգական սցենարով… Ձանձրույթ, ապատիա: Սա ինչ ճակատագիր է:
Ոչ: Սրա պատճառներից մեկը կարող է լինել ձեր հոգեկան աշխարհի ինքնապաշտպանությունը, որը ձեր գիտակցության մեջ տեղ չի թողնում առավել տրավմատիկ զգացողությունների համար: Դուք դրանք չեք գիտակցում և ամեն անգամ դրանց բախվում եք՝ ասես առաջին անգամ: Դուք ինքներդ դրանից գլուխ հանել չեք կարող, իսկ ահա մասնագետը կօգնի:
Անընդհատ ցավում է գլուխս, ստամոքսս, սակայն ոչ մի բժիշկ չի կարողանում գտնել այդ խնդրի պատճառը:
Իզուր չեն ասում, որ բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են: Տարեցտարի անցկացվող բազմաթիվ հետազոտությունները հաստատում են, որ սթրեսը կարող է ի հայտ գալ տարատեսակ հիվանդությունների ձևով, սկսած ստամոքսի քրոնիկ խանգարումից՝ մինչև գլխացավեր, հաճախակի մրսածություն կամ նույնիսկ սեքսի նկատմամբ հետաքրքրության բացակայություն: Այնպես որ, եթե ձեր հիվանդությունների բուժումներն այդպես էլ որևէ էական արդյունք չեն գրանցում կոնկրետ ախտորոշման տեսքով, այդ թվում, հնարավոր է՝ արժե դիմել հոգեթերապևտին. Միգուցե արմատը ձեր գլխում է:
Ես չեմ կարողանում պայքարել պրոկրաստինացիայի դեմ:
Կարևոր է հասկանալ, որ պրոկրաստինացիան խնդիր չէ, այլ սիմպտոմ, եթե, իհարկե, խոսքը սովորական ծուլության մասին չէ: Թայմ-մենեջմենթը, կամքի ուժը ու բոլոր հնարավոր թրեյնինգները չեն օգնի: Պրոկրաստինացիան իսկապես լրջագույն պատճառներ կարող է ունենալ՝ սկսած սեփական գործունեության նկատմամբ հավատի բացակայությունից և վերջացրած՝ ձեր ծնողների սխալներով:
Ես ատում եմ իմ արտաքինը:
Ինքնաքննադատությունն ու դեպի լավը փոխվելու ցանկությունը վատ չեն: Բայց եթե ձեր արտաքին տվյալները բավականին բարձր են գնահատում շրջապատողները, իսկ դուք շարունակ դժգոհ եք ձեզնից, և, եթե ձեզ թվում է, թե հենց որ մի փոքր փոխվեք, կսկսեք այլ կերպ ապրել, ուրեմն դուք հոգեբանական բնույթի խնդիր ունեք: Դա նշանակում է, որ տվյալ դեպքում ձեր դատողության համար ակնհայտորեն ինչ-որ մեկը մեղավոր է: Բայց ո՞վ, որտե՞ղ, և ե՞րբ դա տեղի ունեցավ:
Ես անընդհատ ինձ մեղավոր եմ զգում:
Դուք պլաստիլինի նման փափուկ եք, ձեզ հեշտ է համոզել սեփական սխալականության մեջ: Դուք շարունակ ներողություն եք խնդրում: Զգում եք, որ ինչ-որ բան այնպես չեք անում: Հնարավոր է՝ դուք ձեզ հաշիվ չեք տալիս այն բանում, որ կանոնավոր կերպով եք ունենում նման զգացողություններ: Դա նորմա է դարձել, և այստեղ ակնհայտորեն մասնագետի օգնություն է պետք:
Ես անընդհատ ներքաշվում եմ հիվանդագին հարաբերությունների մեջ:
Կանանց կամ տղամարդկանց միևնույն տիպաժը, զուգընկերոջ հետ միշտ միևնույն կոնֆլիկտային իրավիճակը, հետաքրքրության կորուստը, ձանձրույթը, չարդարացված հույսերը, և անձնական կյանքի այս ողջ դժոխքը շատ անգամ է կրկնվում: Խնդիրն ավելի շուտ մեր ծնողների մեջ է, բայց ո՞րն է այդ խնդիրը: Տարբերակները բազմաթիվ կարող են լինել , և կարևոր է գտնել կոնկրետ ձերը:
Ես շատ եմ մտահոգվում մարդկանց հետ փոխգործակցելուց առաջ:
Դուք կարևոր հանդիպման եք գնում, և հուզմունքից ձեր ձեռքերը դողում են: Դրանք դողում են նաև ժամադրությունից առաջ, ընկերների, ղեկավարության ու այլ մարդկանց հետ հանդիպելուց առաջ: Դա միայն զգայուն ու ամաչկոտ մարդու մասին չի խոսում, դա հստակ կարգավորում է, որը նստած է ձեր գլխի մեջ: Եվ դա գիտակցել կօգնի հոգեթերապևտը:
Դուք կորցնում եք ձեր ընկերներին, հեռանում եք մտերիմներից, որոշ ծանոթներ հանկարծ կտրուկ դադարում են շփվել ձեզ հետ, պատասխանել հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին, այլևս հանդիպումների և ինչ-որ տեղ միասին գնալու չեն հրավիրում: Դա կարող է լինել այն բանի նշան, որ դուք ձեր վարքագծով, որը, ի դեպ, չեք էլ նկատում, անցել եք նրանց համբերության սահմանները: Եվ եթե ձեզ շրջապատողները բավական հաճախ են ակնարկում ձեզ այդ մասին, ապա դա այն բանի նշան է, որ եկել է ժամանակը՝ խոսել նրա հետ, ով կօգնի հասկանալ ձեր վարքագծի պատճառներն ու լուծել խնդիրը:
Եվ գլխավորը՝
Բոլոր այս և նմանատիպ այլ սիմպտոմներ պարբերաբար ի հայտ են գալիս բոլոր մարդկանց մոտ: Եթե հանկարծ այս երեկո տրամադրություն չունեք, գլուխն է ցավում, կամ ձեզ դուր չի եկել ձեր արտացոլանքը հայելու մեջ, կամ ձեզ չի պատասխանել ձեր լավագույն ընկերը, դեռ բոլորովին չի նշանակում, որ անհապաղ պետք է վազել բժշկի մոտ: Նշանները ձեզ պետք է մտահոգեն միայն այն դեպքում, երբ դրանք ստաբիլ ու երկար ժամանակով կանհանգստացնեն ձեզ, երբ դրանք ձեզ խանգարում են ապրել: Եթե դրանք ձեզ ու ձեր մտերիմներին բոլորովին չեն վնասում, ուրեմն դրանք խնդիրներ չեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը