
Եվրամիությունն ավարտեց Հունաստանի ֆինանսական օգնության ծրագիրը

Եվրոգոտու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման ծրագրի ավարտման պայմանների շուրջը: Այդ մասին հայտարարել է Եվրախմբի ղեկավար Մարիո Սենտենոն: Լյուքսեմբուրգում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում նա ասել Է, որ հաստատվել է Հունաստանի կողմից օգնության տրամադրման բոլոր պայմանների կատարումը, «ինչը վկայում է ֆինանսական օգնության ծրագրի ավարտման մասին»:
Եվրախմբի հայտարարության մեջ ասված է, որ որպես «կայունության բարձ» Հունաստանին որպես վերջին վարկաբաժին կվճարվի 24 միլիարդ եվրո, որը ֆինանսավորման նրա պահանջմունքները պետք է բավարարի 22 ամսվա ընթացքում:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին իր Twitter-ում գրել է. «Այսօր Հունաստանի, ինչպես եւ ամբողջ եվրոգոտու համար ավարտվեցին ութ երկարատեւ ճգնաժամային տարիները, ինչը խորհրդանշական է»: Հունաստանը մակրոտնտեսական օգնություն է ստացել միջազգային վարկատուների կողմից եւ արտաքին կառավարման տակ էր 2010 թվականից: Նա ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 300 միլիարդ եվրո, որն այժմ ստիպված կլինի վերադարձնել առնվազն քառորդ դար, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը: