Իրանցի կանանց 40 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել ֆուտբոլ դիտել տղամարդկանց հետ
Իրանի բնակչուհիներին 1979 թվականից ի վեր առաջին անգամ տղամարդկանց հետ հավասար թույլատրել են մուտ գործել մարզահրապարակ, որպեսզի նրանք կարողանան դիտել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանն ազգային հավաքականի մասնակցությամբ մրցախաղերի հեռարձակումը:
Այս մասին հաղորդել է Al-Ahram-ը: Ֆուտբոլասերներն Իսպանիայի հավաքականի հետ խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» խոշորագույն մարզադաշտում, որտեղ վիթխարի մոնիթոր է տեղադրված:
Մարզադաշտ մուտքի տոմսերն արժեին 2 եվրո, դրանք գնել է 10 հազար մարդ: Մարոկոյի հետ նախորդ մրցախաղի բաց հեռարձակմանը, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին, իրանցի կանանց թույլ չէին տվել ներկա լինել: Ազգային թիմի հաղթանակից հետո ֆուտբոլասերները դուրս էին եկել փողոցներ տոնելու, ինչն էլ, հավանաբար քաղաքի վարչակազմին դրդել է կանանց թույլ տալ հաջորդ խաղը դիտել մարզադաշտում: