Արհեստական ինտելեկտը նվաճեց ևս մեկ սահմանագիծ. այժմ այն կարող է վիճել մարդու հետ
Յոթ տարի առաջ IBM-ի գերհամակարգիչը հաղթեց ամերիկյան Jeopardy ինտելեկտուալ հեռուստավիկտորինայի խաղացողներին: Իսկ այժմ արհեստական ինտելեկտը գործնականում ապացուցեց, որ կարող է մասնակցել բանավեճերի. ճանաչել մարդու խոսքը, իմաստավորել այն եւ փաստարկված պատասխանել։
IBM-ը Սան Ֆրանցիսկոյում կազմակերպել էր նոր նախագծի՝ Debater համակարգչի շնորհանդեսը, որը կարող է մասնակցել բանավեճերի: Մեքենան լսում է զրուցակցին եւ վիճում նրա հետ: Պատասխանները ձեւավորելիս համակարգիչն օգտվում է միլիոնավոր փաստաթղթերի՝ լրագրային հոդվածների եւ գիտական հանդեսների տվյալների պահոցից: Բանավեճերն անցկացվում են առանց նախապատրաստման՝ պատահական թեմաներով:
Մրցավարները որոշել են, որ համակարգչի փաստարկները եղել են ավելի ամբողջական, մինչդեռ մարդու մոտ ավելի լավ է ստացվել պատասխանները ներկայացնելը:
Մեքենայի թերություններից մեկը եղել է միեւնույն փաստարկի կրկնումը, բայց տարբեր բառերով: Նաեւ համակարգիչը երբեմն տարօրինակ ձեւակերպված արտահայտություններ է արել: Համակարգչի ընդդիմախոսներից մեկը եղել է Նոա Օվադիան՝ բանավեճերի իսրայելական մրցաշարի 2016 թվականի չեմպիոնը: Նա IBM-ի հետ սկսել է աշխատել մի քանի ամիս առաջ:
Օվադիան BBC-ին ասել է, որ փաստարկման ունակություններին համակարգչի ուսուցումը մեծ դեր կխաղա ճիշտ որոշումների ընդունման համար: